NEXT TO A FRONTIER SCHOOLBOY

Սահմանի աշակերտի կողքին

Մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերն առավել քան այսօր հոգածության կարիք ունեն։ Այս առումով կարևոր են այնպիսի ծրագրերը, որոնք պետք է աջակցեն գյուղացուն։ Այդ ճանապարհով նաև հնարավոր կլինի կանխել գյուղից նրա բնակչի հեռանալը։ Նմանօրինակ ծրագրերի թվում առավել արդյունավետ ենք համարում հասցեական աջակցություն ենթադրող ծրագրերը։ Այստեղ առանձնահատուկ ուշադրության են արժանի սոցիալապես անապահով և դպրոցահասակ երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքները։ Ավելի կոնկրետ՝ նրանց երեխաները։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցությունը ՀՀ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների տարրական դասարաններում (1-4-րդ դասարան) սովորող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների աջակցությունը։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների և Սփյուռքի շահագրգիռ կառույցների հետ գործակցաբար կազմակերպել ամենամյա «Սահմանի աշակերտի կողքին» կրթասիրական ծրագիր։ Արդյունքում, ծրագրին մասնակցող սահմանամերձ գյուղերի դպրոցների տարրական դասարաններում սովորող երեխաները (բացառությամբ մինչ այդ արդեն նմանօրինակ նվիրատվություն ստացածների), սեպտեմբերի 1-ին ընդառաջ, կստանան դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ։