ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ

Երիտասարդ առաջնորդների դպրոց

Մերօրյա ներքին և արտաքին մարտահրավերներն ավելի ակնառու են դարձնում տարաբնույթ ոլորտներում բանիմաց առաջնորդների անհրաժեշտությունը։ Նման առաջնորդների ձևավորման ճանապարհին կարևոր դեր է խաղում նրանց գիտագործնական փորձի կուտակումը։ Այդ նպատակով էական դեր է խաղում բուհական կրթական ծրագրերի կողքին տեսականից գործնական անցում ապահովող կրթական կարճաժամկետ ծրագրի առկայությունը, որը հնարավորություն կտա ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերող համալսարանական ուսանողությանը ժամանակակից մասնագիտական պահանջների շրջանակում ստանալ անհրաժեշտ փորձառություն։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում Հայաստանի շահագրգիռ գիտակրթական շրջանակների հետ գործակցաբար կազմակերպել «Երիտասարդ առաջնորդների դպրոց» կրթագործնական ծրագիր։ Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներառել Հայաստանի բուհերի բակալավրում ու մագիստրատուրայում սովորող և ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին, ինչպես նաև մինչև 30 տարեկան ասպիրանտներին և գիտաշխատողներին։ Ծրագրին մասնակցելու պահանջները բավարարած ուսանողները ոչ միայն կբարելավեն իրենց մասնագիտական ունակությունները, այլ նաև մասնագիտական բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ հիմնադրամի կողմից սահմանված մեկանգամյա կրթաթոշակ։ Մասնակիցների հետ կապը չի սահմանափակվելու երկշաբաթյա դասընթացներով։ Առավելագույն դրական արդյունք ցուցաբերած մասնակիցները, հնարավորության սահմաններում, կներառվեն հիմնադրամի տարբեր ծրագրերում։ Ծրագրի մասնակիցներին կտրվի մասնակցությունը փաստող վկայական։

Սեմինարը նախատեսվում է Հայաստանի բուհերի բակալավրում և մագիստրատուրայում սովորող և ուսման մեջ միջինից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների, ինչպես նաև մինչև 30 տարեկան ասպիրանտների և գիտաշխատողների համար։ համար։ Սեմինարը նպատակ ունի խթանելու ապագա առաջնորդների մասնագիտական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունները։ Այն կկազմակերպվի երկու շաբաթ ժամկետով՝ սույն թվականի ամռանը։ Սեմինարը տեղի է ունենալու Երևանում։ Այն կլինի ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով։ Լավագույն մասնակիցները կստանան մեկանգամյա կրթաթոշակ։ Արձանագրման հարցաթերթիկը հաստատվելու դեպքում կստանաք անձնական նամակ, որպեսզի ներկայանաք և լրացնեք մասնակցության հայտը։ Այնուհետև, բանավոր հարցազրույցի արդյունքում, կորոշվեն սեմինարի մասնակիցները։ Հավելյալ հարցերի դեպքում մենք կկապվենք Ձեր նշած հեռախոսահամարով։ Հարցաթերթիկը հասանելի կլինի հունիսի 12-ից մինչև հուլիսի 11-ը։ 

Արձանագրման հարցաթերթիկը ներկայացված է ստորև։

Հ․Գ․ Սեմինարի արձանագրման հարցաթերթիկը կարող են լրացնել Հիմնադրամի նմանօրինակ ծրագրերին չմասնակցող բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանողները։