ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

«Արցախ» ծրագիր 2024 (համառոտ նկարագրություն)​

«Արցախ» ծրագիր 2024 (համառոտ նկարագրություն)​

Արցախից 2023 թ․ սեպտեմբերի վերջին տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները կրկին մեր աջակցության մասով առաջնային բնույթ են կրում։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հարկ է համարում Հայաստանի Հանրապետությնում հաստատված Արցախի մեր հայրենակիցների համար կազմակերպել «Արցախ» սոցիալական ծրագիրը։

Ծրագրի հաստատված մասնակիցները հնարավորություն կունենան սոցիալական փաթեթներ ստանալու՝ սննդի, հիգիենայի փաթեթներ և էլեկտրական տաքացուցիչ։

Ի՞նչ ենք տրամադրելու։

Ծրագիրը նախատեսում է մեղմացնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական բեռը։

Ծրագրի շրջանակներում հիմնադրամը նախատեսում է մեկ ընտանիքի չափով նվիրաբերել մինչև սննդի փաթեթ՝ շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ, ոսպ, ոլոռ, հնդկաձավար, ալյուր, արևածաղիկի ձեթ, հիգիենայի փաթեթ՝ շամպուն և լվացքի գել, ինչպես նաև էլեկտրական տաքացուցիչ։

Նշված օգնության երեք բաղադրիչները կարող են տրամադրվել մեկ ընտանիքի, եթե գրանցման դաշտում մասնակիցը նշել է օգնության երեք բաղադրիչները և իր ներկայացրած սոցիալական վիճակով համապատասխանում է մեր չափորոշիչներին։

Նշված օգնության երեք բաղադրիչներից միայն մեկը կամ երկուսը կարող են տրամադրվել մեկ ընտանիքի, եթե գրանցման դաշտում մասնակիցը նշել է օգնության երեք բաղադրիչներից մեկը կամ երկուսը և իր ներկայացրած սոցիալական վիճակով համապատասխանում է մեր չափորոշիչներին։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրին մասնակցելու հայտ կարող են տալ 2023 թ․ սեպտեմբերի վերջին Արցախից տեղահանված ընտանիքների ներկայացուցիչները, ովքեր փաստացի բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։

Հաշվի առնելով մասնակիցների հնարավոր մեծ թիվը և մեր սահմանափակ միջոցները՝ հիմնադրամը որոշակի մասնակիցների համար որոշակի չափորոշիչներ է սահմանում։

Չափորոշիչներ՝

  • Ընտանիքն ունի երեք և ավելի անչափահաս երեխա։

  • Ընտանիքի հայրը կամ մայրը, կամ էլ երկուսն իրար հետ չեն աշխատում։

  • Ընտանիքում հաշմանդամ կամ ծանր առողջական հիվանդություն ունեցող կա։

  • Ընտանիքը 2016-2023 թթ․ պատերազմների ժամանակ զոհ է ունեցել։

  • Ընտանիքի երեխաները միակողմանի ծնողազուրկի կարգավիճակ ունեն։

  • Ընտանիքը չի բնակվում իր սեփական կացարանում։

Եթե Ձեր ընտանիքը համապատասխանում է այս չափորոշիչներից առնվազն երկու կամ երկուսից ավելի կետերին, ուրեմն մեծ է հավանականությունը, որ Ձեր հայտը դրական պատասխան կստանա։ 

Նշենք, որ մասնակիցների հնարավոր մեծ թիվն ու մեր սահմանափակ միջոցները թույլ չեն տալիս ընդգրկելու միայնակ անձանց։ Ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։ 

Ինչպե՞ս գրանցվել ծրագրին։

Ծրագրին մասնակցելու համար ընտանիքի ծնողներից մեկը կամ ծնողի իմացությամբ 18 տարին լրացած որևէ չափահաս անդամ իր անունով լրացնում է «Կարիքների գնահատման հարցարան»-ը։ 

Այն բանից հետո, երբ հիմնադրամի ներկայացուցիչը գրավոր հաստատում է, որ մասնակցի հայտը անցել է առաջին փուլը, մասնակիցը պետք է եռօրյա ժամկետում հիմնադրամին ուղարկի իր հայտում նշված տվյալները հիմնավորող փաստաթղթեր։

[email protected] էլ․ հասցեին կամ +37494261182 հեռախոսահամարի վայբերին կամ ֆեյսբուքյան էջի մեսենջերին հայտը լրացնողը պետք է ուղարկի հետևյալ փաստաթղթերի բարձր որակով նկարված կամ սքան արված տարբերակները՝

  • հայտատուի անձնագրի նկարով և գրանցման դաշտով երկու էջերը,

  • բնակության վայրից տեղեկանք, որում պետք է նշված լինեն ընտանիքի բոլոր անդամների անուն ազգանունները, փաստացի բնակության վայրը և հնարավորության դեպքում նշվի սոցիալական և տեղահանված լինելու մասին տվյալներ։

  • ներքոհիշյալ կարգավիճակների դեպքում՝ զոհվածի (մահվան վկայական), հաշմանդամության (հաշմանդամության փաստաթուղթ), ծանր առողջական վիճակի (բժշկի տեղեկանք), միակողմանի ծնողազուրկի (այդ մասին նշվում է բնակության վայրի տեղեկանքում), երկու ծնողների կամ նրանցից մեկի չաշխատելու (այդ մասին նշվում է բնակության վայրի տեղեկանքում) կարգավիճակ, փակագծերում նշված փաստաթղթերը։

Եթե նշված փաստաթղթերը չեն ուղարկվել հիմնադրամին կամ մասնակի են ուղարկվել, ապա հիմնադրամը չի դիտարկում մասնակցին աջակցություն տրամադրելու հարցը։