ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

«Մենք գործում ենք» 2023 (համառոտ նկարագրություն)

«Մենք գործում ենք» 2023
(համառոտ նկարագրություն)

«Մենք գործում ենք» ենթածրագիրը հանդիսանում է «ՄԵՆՔ» առաջնորդության ակումբ ծրագրի մասնիկը։

Ենթածրագրի շրջանակում հիմնադրամը հնարավորություն է տալու մասնակիցներին իրականացնել հանրության և պետության համար օգտակար փոքր նախագծեր։

Դրանց իրականացման ծախսերը հոգալու է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը։

Ընդհանուր առմամբ Հիմնադրամը կֆինանսավորի մինչև 4 նախագիծ։

Հարցարանը լրացնելու վերջնաժամկետը օգոստոսի 21-ն է։

Որո՞նք են ենթածրագրի հիմնական պայմանները։

Ենթածրագրի ուղղությունները սահմանափակված չեն, սակայն դրանք պետք է իրականացվեն հետևյալ պայմանների համաձայն․

ա․ընտրված նախագիծը պետք է մեր հանրության և/կամ պետության համար օգտակար արդյունք ապահովի,

բ․ընտրված նախագիծը պետք է իրականացվի առավելագույնը 70 օրվա ընթացքում՝ սկսած նախագծի հաստատման օրից,

գ․ընտրված նախագծով սահմանված բոլոր ծախսերը չպետք է գերազանցեն 200000 ՀՀ դրամը,

դ․հաստատված նախագծով սահմանված վերջնարադյունքները պետք է կիրառական նշանակություն ունենան,

ե․նախագծի մասնակիցների՝ մինչև չորս հոգով հանդես գալու դեպքում, պետք է լինի խմբի պատասխանատու։

զ․նախագծի մասնակցի/ների տարիքը՝ 18-30 տարեկան։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները լրացնում են մասնակցության էլեկտրո­նային հայտը։

Մասնակիցների ընտրության հարցում առավելություն է տրվելու հիմնադրամի կողմից իրականացված «Մենք» առաջնորդության դպրոց, «Երիտասարդ լրագրողների դպրոց» ու «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրերի բոլոր տարիների շրջանավարտներին։

Հավելյալ դրական ցուցանիշ է դիտարկվում՝

  • հայտատուների հասարակական գործունեու­թյունը,
  • ենթածրագրին մինչև 4 մասնակցով հանդես գալը,

Մասնակցի կամ մասնակիցների խմբի կողմից էլեկտրո­­նային հարցարանում հակիրճ լրացվում են նաև առաջարկվող նախագծի նախնական տվյալները։ Վերջինիս համառոտ նկարագրության մեջ պետք է արտացոլվեն նախագծի հանրօգուտ լինելու հիմնավորումը, իրականացման ընթացքը, ակնկալվող վերջնարադյունքը և ծախսերը։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հիմնադրամը չի վճարում ընտրված նախագծերի մասնակիցներին։ Նախագծով նախատեսված ծախսերը հիմնադրամը հոգում է բանկային փոխանցման եղանակով՝ վճարելով հասցեատիրոջը։  

Էլեկտրոնային հարցարանի և պահանջված փաստաթղթերի ուսումնասի­րու­թյունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջներին առավե­լա­պես բավարարող նախագերը։ Այդ մասին հայտատուները տեղեկացվում են էլ․ հասցեներին ուղարկված նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք անցնում են երկրորդ փուլ։

Երկրորդ փուլում մասնակիցները յոթորյա ժամկետում հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ [email protected] են ուղարկում նախագծի վերջնական էլեկտրո­նային տարբերակը (word file, 12 տառաչափ, Sylfaen տառատեսակ)։

Այն պետք է ունենա հետևյալ կառուցվածքը՝

  • հանրօգուտ լինելու մասին հիմնավորում,
  • իրականացման բոլոր փուլերի նկարագրություն,
  • վերջնաարդյունքի նկարագրություն,
  • մինչև 200000 ՀՀ դրամի չափով բյուջե։

Այնուհետև, հիմնադրամի տնօրենն անց է կացնում առկա կամ հեռավար ձևաչափով բանավոր հարցազրույց։ Արդյունքում, տնօրենը ընտրում է ենթածրագրի վերջնական մասնակիցներին։ Այդ մասին ընտրված մասնակից­ները տեղեկանում են էլ․ հասցեով ուղարկված ծանուցող նամակների մի­ջո­ցով։

Ինչպե՞ս պետք է ներկայացվեն հաշվետվությունները։

Հաստատված նախագծերի և՛ ընթացքում, և՛ վերջում մասնակիցը կամ մասնակիցների խումբը պետք է հիմնադրամի էլ․ հասցեին ուղարկի/են երկու էլեկտրոնային հաշվետվություն։

Առաջին հաշվետվությունը պետք է կատարվի նախագծով նախատես­ված գնումների իրականացումից հետո, որում պետք է ներկայացվեն իրականացված քայլերը և դրանց փաստարկները։ Երկրորդ՝ վերջնական հաշվետվութ­յունը պետք է կատարվի նախագծի իրականա­ցումն ավարտելուց հետո, որում պետք է ներկայացվեն իրականացված քայլերը, վերջնական արդյունքը ու դրանց փաստարկները։

Բոլոր հաշվետվություններին կից պետք է ուղարկվեն նաև նախագծի իրականացման ընթացքն արտացոլող, ինչպես նաև ձեռքբերված ապրանքի  լուսանկարներ։ Անհրաժեշտության դեպքում, հիմնադրամը կարող է պահանջել նախագծերի պատասխանատուներից հավելյալ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր և այլն։

Ենթածրագրի մասնակիցների հետ հարաբե­րութ­յուն­ները կարգավորվելու են նրանց հետ կնքվելիք պայ­մանագրերի հիման վրա։

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։