ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

ՓՈՔՐԻԿ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ

«Փոքրիկ Հայրենակից» 2023
(համառոտ նկարագրություն)

Մեր հայրենիքում ու առավելապես նաև սահմանա­մերձ մարզերում ապրում են փոքրիկներ, ովքեր խոցելի կարգավիճակ ունեն և զգում են մեր հոգածության կարիքը։ Նրանց առօրյան ամառային արձակուրդների օրերին դրական լիցքերով հավելելու գործում նշանակա­լի դեր կարող են խաղալ կրթադաստիարակչական ծրագրերը։ Առավել ևս, երբ այդ ծրագրերի միջոցով հնարավոր է լինում երեխային մոտեցնել հայ և համաշխարհային արվեստին՝ այդ կերպ սերմանելով նրանցում հայրենա­սի­րու­թյուն և սեր դեպի մշակույթը։ Նման ծրագրերի միջոցով հնա­րավոր կլինի որո­շա­կիորեն նպաստել ոչ միայն փոքրիկների կենսակերպում դրական փոփոխությունների ներդրմանը, այլ նաև մարզային դաշտում ոլորտային մասնագետների սոցիալական վիճակում դրական հավելումնե­րին։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցու­թյու­նը ՀՀ սահ­մանա­մերձ, ինչպես նաև 1988 թ․ երկրաշարժի գոտու մարզերի 3-9-րդ դասարաններում սո­վո­րող երեխաների կրթադաստիարակչական բնույթի ծրագրերի իրականացման գործում։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մար­դասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համա­րում որոշ բնակավայրերի 3-9-րդ դասարաններում սովորող և հիմնադրամի համար հստակեցված կարգավիճակ ունեցող երեխաների համար կազ­մակերպել «Փոքրիկ հայրենակից» ծրա­գիրը։ Արդյունքում, ծրագրին մասնակ­ցող երեխաների համար հնարավոր կլինի ապահովել արժեքավոր գիտելիքներով և հմտություններով հագեցած հետաքրքիր օրեր։ 

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներա­ռել ՀՀ սահմանա­մերձ Սյու­նիքի մարզի Կապան և ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքների ու հարակից գյուղերի 3-9-րդ դասարաններում սովորող այն մասնակիցներին, ովքեր հանդիսանում են՝ 

  1. Զոհված կամ հաշմանդամ դարձած պաշտպանի զավակ։

  2. Զոհված կամ հաշմանդամ դարձած պաշտպանի քույր/եղբայր։

  3. Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքի զավակ։

  4. Միակողմանի ծնողազուրկ կամ ծնողներից մեկի խնամքի տակ գտնվող երեխա։

  5. 2020 թ․ պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված ընտանիքի զավակ։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու ձևաչափով։ Առա­ջին ձևաչափով հիմնադրամի էլ․ հասցեին են ուղարկվում նշված բնակավայրերի դպրոցների տնօրենների պաշտոնական գրությունները, որոնցում նշված են լինում մասնակցության ցանկություն արտահայտած աշակերտների տվյալները։ Երկրորդ ձևաչափով աշակերտների ծնողները կարող են ինքնուրույն լրացնել իրենց երեխայի մասնակցության էլեկտրոնային հարցարանը։

Երկու դեպքում էլ հիմնադրամի [email protected] պաշտոնական էլ․ հասցեին անհրաժեշտ է ուղարկել մի շարք փաստաթղթերի սքան տարբերակներ՝ ըստ մասնակցի մասնակցության կարգավիճակի՝ 

  1. մասնակից երեխայի ծննդական, 

  2. ծնողի/ների անձնագրերի կամ ն․ք․-ների երկու էջերը, 

  3. ծնողների ամուսնության վկայական, 

  4. ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած ծնողի կամ հարազատ եղբոր սույն կարգավիճակը փաստող տեղեկանք,

  5. միակողմանի ծնողազուրկ երեխայի կարգավիճակի մասին տեղեկանք,

  6. երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքի կարգավիճակի մասին տեղեկանք,

  7. 2020 թ․ պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված ընտանքի մասին տեղեկանք։

Մասնակիցների վերջնական թիվը սահմանափակ է։ Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի մասնակցության դիմումը կատարվի մինչև՝

  • Կապանի և հարակից գյուղերի համար՝ հուլիսի 30-ը, 

  • Գյումրու և հարակից գյուղերի համար՝ օգոստոսի 10-ը։

Տնօրենների գրություններից, էլեկտրոնային հարցարանի և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջներին առավելապես բավարարող մասնակիցները։ Այդ մասին դպրոցների տնօրենները և/կամ մասնակիցների ծնողները տեղեկացվում են էլ․ հասցեներին ուղարկված նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով։

Ինչպե՞ս է ընթանալու սեմինարը։

Դասերը ընթանալու են՝

  • Կապանում օգոստոսի առաջին շաբաթից սկսած մինչև 8 օր, Կապանի արվեստի դպրոցում։

  • Գյումրիում օգոստոսի երրորդ շաբաթից սկսած մինչև 8 օր, Գյումրու Մանկապատանեկան արվեստի պալատում։

Մասնակիցները սովորելու են՝

  • ազգային երգ, պար, նկարչություն, թատերական խաղ։

Մասնակիցները հիմնադրամի կողմից ստանալու են՝

  • նկարչական պարագաներ։

Մասնակիցները պետք է պարի դասերի համար ունենան իրենց հետ՝

  • համապատասխան սպորտային համազգեստ,

  • մասիկներ։

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։