ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

Կրթություն հանուն աշխատանքի — 2022

Կրթություն հանուն աշխատանքի (համառոտ նկարագրություն)

Հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած մեր հերոս զինվորների երիտասարդ ընտանիքները մշտական ուշադրու­թյան կարիք ունեն։ Այդ ուշադրության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նրանց սոցիալական խնդիրների լուծման այնպիսի տարբերակները, որոնք հնարավորություն կստեղծեն ընտանիքի արժանապատիվ գոյության պահ­պան­ման համար։ Յուրաքանչյուր մարդու արժանապատիվ գոյության հիմ­քում ընկած է աշխատանքը։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդա­սիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համա­րում կազ­մակերպել «Կրթություն հանուն աշխատանքի» ծրա­­գիրը։ Ծրա­գիրը նախա­տեսված է Հայաստանի և Արցախի հանրապետությունների այն քաղաքա­ցիների համար, ովքեր Արցախյան 2020 թ․ պատերազմի և դրանից հետո մինչև 2021 թ․ Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի հարձակումների ընթացքում տեղ գտած մարտական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց ամուսիններին, կամ վերջիններս հաշմանդամություն են ձեռք բերել ու իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխաներ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցելու նշված այն քաղաքա­ցի­ներին, ովքեր ցանկու­թյուն ունեն տիրապետելու հացագործության, հրու­շակեղենագործության, շոկոլադագործության, վարսահարդարման, մատ­­նա­հարդարման մասնա­գի­տություններին։ Հիմնադրամն իր միջոց­նե­րի հաշ­վին պատրաստ է փոխհատուցել, սահմանված գումարների չափով, այդ մասնագիտություն­ների տիրապետման համար անհրաժեշտ կարճաժամկետ դասընթացների վարձավճարը։ Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է։ Մասնա­կիցները ընտրվում են ծրագրով սահման­ված պահանջներին համապա­տասխան։ Դասընթացների և դրանց վայրի ու կազմակերպության ընտրու­թյան իրավունքը պատկանում է ընտրված մասնակցին։  

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներա­ռել Հայաստանի և Արցախի հան­րա­պետությունների այն քաղաքացիներին, ովքեր Արցախյան 2020 թ․ պատերազմի և դրանից հետո մինչև 2021 թ․ Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի հարձակումների ընթացքում տեղ գտած մարտական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց ամուսին­ներին, կամ վերջիններս հաշմանդամություն են ձեռք բերել ու իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխաներ։

Ի՞նչ անել սկզբում։

Հայտատուն պետք է նախապես կողմնորոշվի մասնագիտության ընտրության հարցում․

  • հացագործություն,
  • հրու­շակեղենագործություն,
  • շոկոլադագործություն,
  • վարսահար­դա­րում,
  • մատ­­նա­հարդարում։

Այնուհետև, հայտատուն պետք է ընտրի նախընտրած մասնագիտությամբ կարճաժամկետ դասընթացներ իրականացնող կազմակերպությանը կամ անհատ ձեռներեցին ու այդ տվյալները ներառի էլեկտրոնային հարցարանում։

Ինչպե՞ս գրանցել հայտը։

Հայ­տատուն պետք է լրացնի էլեկտրոնային հարցարանը՝ մուտք գործելով այս ծրագրի վերջում գտնվող “Արձանագրվեք այստեղ” բաժինը։ Հայտը չի կարող դիտարկվել, եթե հիմնադրամի էլ․ հասցեին չեն ուղարկվել պահանջված փաստաթղթերը։

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։

Անհրաժեշտ փաստաթղթերի սքան տարբերակները պետք է ուղարկել հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ [email protected] կամ վայբեր-վաթսափ հեռախոսահամարին՝ +37494261182 կամ ֆեյսբուքյան էջին հաղորդագրությամբ՝ facebook.com/nornakh21 ։ Անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կարող է պահանջել ներկայացնելու նշված փաստաթղթերի բնօրինակները։ 

Փաստաթղթերի ցանկ՝

  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID քարտ),
  • փաստացի բնակության վայրը հաստատող տեղեկանք, 
  • ամուսնության վկայական կամ երեխայի հայրությունը հաստատող փաստաթուղթ,
  • 2020 թ․ Արցախյան պատե­րազմի կամ դրանից հետո մինչև 2021 թ․ Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի հարձակումների կանխման մասնակցության ժամանակ ամուսնու զոհված լինելու կամ հաշ­ման­դամության փաստը հաստատող փաստաթուղթ,
  • անչափահաս երեխայի/ների ծննդյան վկայական/ներ։
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Էլեկ­տրո­­նային հարցարանի և նշված փաս­տաթղթերի ուսում­­­նասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջնե­­­րը բավարարող մասնակիցները։ Վերջիններիս համար հիմնադրամը սահմանում է վարձավճարների չափաբաժինը՝

  1. Ներկայացված մասնագիտություններից յուրաքան­չյու­րի համար վարձավճարը մեկ մասնակցի չափով կարող է հասնել մինչև 120000 ՀՀ դրամի։

  2. Հաստատվելիք հայտերի թիվը սահմանափակ է։

Ընտրվելու դեպքում` մասնակիցները տեղեկանում են իրենց էլ․ հասցեի / ֆեյսբուքյան էջի / վայբեր-վաթսափի էջերից որևէ մեկին ուղարկված ծանուցող նամակ­նե­րի և/կամ հեռախոսազանգերի միջոցով։ Մասնակիցների սահմանված թիվը լրանալու դեպքում՝ հիմնադրամը կարող է ժամանակից շուտ դադարեցնել հայտերի ընդունումը:

Ինչպե՞ս են մասնակիցներն աջակցություն ստանալու։

Այս փուլում մասնակիցները սովորում են իրենց նախընտրած մասնագիտությունը իրենց նախընտրած կազմակերպու­թյուն­ների կամ անհատ ձեռներեցների մոտ։ Վերջիններս մասնակիցների ուսումն ավարտելուց հետո, հիմնադրամի հետ նախապես համաձայնեցված կարգով, հիմնադրամի էլ․ հասցեին են ուղարկում ուսման վարձավճարի հաշիվը, որում նշված և հիմնադրամի սահմանած գումարի չափը չգերազանցող գումարը վճարում է հիմնադրամը՝ համա­պա­տասխան բանկային փոխանցման եղանակով։

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։