ՍԱՀՄԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԻ ԿՈՂՔԻՆ
Սահմանի աշակերտի կողքին (համառոտ նկարագրություն)
Մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերն առավել քան այսօր հոգածության կարիք ունեն։ Այս առումով կարևոր են այնպիսի ծրագրերը, որոնք պետք է աջակցեն գյուղացուն։ Այդ ճանապարհով նաև հնարավոր կլինի կանխել գյուղից նրա բնակչի հեռանալը։ Նմանօրինակ ծրագրերի թվում առավել արդյունավետ ենք համարում հասցեական աջակցություն ենթադրող ծրագրերը։ Այստեղ առանձնահատուկ ուշադրության են արժանի սոցիալապես անապահով և դպրոցահասակ երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքները։ Ավելի կոնկրետ՝ նրանց երեխաները։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցությունը ՀՀ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների տարրական դասարաններում (1-4-րդ դասարան) սովորող երեխաներին աջակցությունը։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների և Սփյուռքի շահագրգիռ կառույցների հետ գործակցաբար կազմակերպել ամենամյա «Սահմանի աշակերտի կողքին» կրթասիրական ծրագիր։ Արդյունքում, ծրագրին մասնակցող սահմանամերձ գյուղերի դպրոցների տարրական դասարաններում սովորող երեխաները (բացառությամբ մինչ այդ արդեն նմանօրինակ նվիրատվություն ստացածների), սեպտեմբերի 1-ին ընդառաջ, կստանան դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ։
2022 թվականի մասով ծրագիրը նախատեսված է ՀՀ սահմանամերձ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Տեղի թիվ 2, Խնածախի, Վաղատուրի, Հարթաշենի, Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի, Խոտի միջնակարգ և Արավուսի տարրական դպրոցների տարրական դասարաններում սովորող մինչև 280 երեխայի (բացառությամբ մինչ այդ արդեն նմանօրինակ նվիրատվություն ստացածների) համար, ովքեր սեպտեմբերի 1-ին ընդառաջ դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ կստանան հիմնադրամի կողմից։