ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հաշվետվություն

Հաշվետվություն 2022

Հաշվետվություն 2022

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ հունվարի 9-ին կայացած նիստում, ի թիվ այլ հարցերի, ամփոփվեցին հիմնադրամի 2022 թ․ գործունեության արդյունքները, որոնց ամփոփ պատկերը ներկայացնում ենք ստորև։

Հաշվետու տարում հիմնադրամի դրամական միջոցները գոյացել են սփյուռքում և հայրենիքում բնակվող մեր հայրենակիցների, սփյուռքի հայկական համայնքային կազմակերպությունների նվիրատվություններից։ Նվիրատուների աշխարհագրությունը կրկին ընդգրկել է առաջին հերթին Ռուսաստանը՝ մասնավորապես այն ներկայացնող Դոնի Ռոստովի հայկական համայնքը։ Նրանց են միացել Էստոնիայի հայկական սփյուռքի և Հայաստանի մեր հայրենակիցները։

Գործունեության մեջ կարևորվել է մեր հայրենակցին օգնելու և մասնագիտական աճին խրախուսելու սկզբունքը։

Հիմնադրամը 2022 թ․ նախատեսել և իրականացրել է 10 ծրագիր։ Ինչպես նշել էինք 2021 թ․ հաշվետության մեջ, վերջին երկու ծրագրերի՝ 2021 թ․ նախատեսված մասը ևս իրականացվել է 2022 թ․ ընթացքում։ Մեր ծրագրերի ընթացքում հնարավոր եղավ աջակցել շուրջ 489 մարդու, որոնցից 421-ը՝ 4-15 տարեկան երեխաներ։ Այդ մարդկանց թվում էին երեք սահմանամերձ գյուղի 50 ընտանիք, որոնք իրենց տնտեսություն­ները զարգացնելու համար մեր աջակցությանն արժանացան։ Աջակցություն ստացան տարբեր կառույցներ, որոնցից՝ 8 մարզային դպրոց և 1 հիմնադրամ։

Իրականացված ծրագրերի արդյունքում․

Գիրքը սահմանին
8 դպրոց ստացել է 83 անուն նոր գրքերից բաղկացած փաթեթներ («Գիրքը սահմանին» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզի Տեղի թիվ 2, Խնածախի, Վաղատուրի, Հարթաշենի, Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի, Խոտի միջնակարգ և Արավուսի տարրական դպրոցներ):

Սահմանի աշակերտի կողքին
275 աշակերտ ստացել է դպրոցական պայուսակ և գրենական պիտույքներից բաղկացած փաթեթ («Սահմանի աշակերտի կողքին» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզի Տեղի թիվ 2, Խնածախի, Վաղատուրի, Հարթաշենի, Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի, Խոտի միջնակարգ և Արավուսի տարրական դպրոցների 1-ից 4-րդ դասարաններում սովորող աշակերտներ):

«ՄԵՆՔ» առաջնորդության դպրոց
9 ուսանող մասնակցել է առաջնորդության հմտությունների զարգացման սեմինարի, որոնցից 4-ը արժանացել են 20000-ական ՀՀ դրամի չափով ամսական կրթաթոշակի («ՄԵՆՔ» առաջնորդության դպրոց» ծրագիր):

Հանուն գյուղացու աշխատանքի
ՀՀ Սյունիքի մարզի Ադրբեջանի հետ սահմանամերձ 3 գյուղերի 50 ընտանիք ստացել է 100 էգ խոճկոր։ 11 ամիս անց այդ ընտանիքները հիմնադրամին են վերադարձնելու նույն տեսակի 100 էգ խոճկոր, որոնք տրամադրվելու են ծրագրի 2023 թ․ մասնակիցներին։ («Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզ, Եղվարդ, Դավիթբեկ, Ծավ գյուղեր):

Կրթություն հանուն աշխատանքի
Ծրագրի միջոցով Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ապրող և պատերազմական գործողությունների ժամանակ իրենց ամուսիններին կորցրած 6 հայուհիներ սովորել են հրուշակեղենագործություն, մատնահարդարում և վարսահարդարում («Կրթություն հանուն աշխատանքի» ծրագիր, ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր):

Սահմանապահ
Սյունիքի Գորիսի շրջանում գործող «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերվել է մեկ կվադրոցիկլ ու մեկ հեռահար բարձր տեսանելիությամբ տեսախցիկ։ («Սահմանապահ» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս):

Առողջ հայրենակից
Սահմանամերձ գյուղերի 4 բնակիչ հիմնադրամի միջոցներով վիրահատվել են («Առողջ հայրենակից» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզի Գեղանուշ, Դավիթբեկ, Ներքին Հանդ և Տավուշի մարզի Բաղանիշ գյուղեր):

Փոքրիկ հայրենակից
Սահմանամերձ քաղաքային և գյուղական բնակավայրերի թվով 14 դպրոցների 3-9-րդ դասարաններում սովորող ու նշված կարգավիճակներ ունեցող շուրջ 39 աշակերտ մասնակցել է Կապանի արվեստի դպրոցում կազմակերպած մշակութային ճամբարին։ («Փոքրիկ հայրենակից» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Օխտար, Գեղանուշ, Ծավ, Սյունիք, Վարդավանք, Արծվանիկ գյուղեր):

Ծրագրավորման դասընթացներ
Սահմանամերձ բնակավայրերի 4 երիտասարդներ հիմնադրամի միջոցներով սովորեցին վեբ ծրագրավորում։ («Ծրագրավորման դասընթացներ» ծրագիր, ՀՀ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր):

Ամանորյա նվեր զինվորի զավակին
Մեր հերոս հայորդիների 4-11 տարեկան շուրջ 107 երեխա Ամանորին ընդառաջ ստացել են քաղցրավենիքներից, խաղալիքներից, գրենական պիտույքներից կազմված ամանորյա նվերների հավաքածուներ և իրենց ներկայացուցիչների հետ մասնակցել են ամանորյա համերգային-թատերական ներկայացման («Ամանորյա նվեր զինվորի զավակին» ծրագիր, Երևան, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերից):

Հաշվետու տարում մեր հիմնադրամը պահպանեց իր գործընկերային կապերը Սյունիքի մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի, Դավիթբեկ, Եղվարդ գյուղական համայն­քա­պե­տարանների հետ։ Հիմնադրամը մասնակցեց Սյունիքի մարզպետարանի կազմակերպած՝ «Միասին Սյունիքի համար» միջազգային աշխատաժողովին, որի 25 կազմակերպությունների թվում էր նաև մեր հիմնադրամը։ Կարևոր է նշել, որ այդ կազմակերպությունները բացառապես օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղեր էին՝ բացառությամբ մեր հիմնադրամի։ Նոր համագործակցության կապեր հաստատվեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամի, Սյունիքի մարզի Ծավ գյուղական համայնքապետա­րանի հետ։

Ակումբի մասնակիցները հաշվետու տարում կազմա­կերպել են «Մենք և մեր մարտահրավերները» երիտասարդական ֆորում: Ակումբի շրջանակում զարգացնում ենք նաև կամավորության գաղափարը։ Այսպես, երկու տարվա մեջ մեր ծրագրերի իրականացմանն ընդգրկել ենք ավելի քան 50 կամավոր։ Ակումբի շրջանակում մեր երիտասարդները մասնակցում են նաև www.ditarkum.info լրատվական-վերլուծական կայքի խմբագրման աշխատանքներին․ 2022 թ․ 10 կամավոր ուսանող թղթակցել է համացանցային մեդիա հարթակին՝ նպաստելով վերջինիս շահագործմանը։