ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

ՓՈՔՐԻԿ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ

«Փոքրիկ Հայրենակից» 2024
(համառոտ նկարագրություն)

Մեր հայրենիքում ու առավելապես նաև սահմանա­մերձ մարզերում ապրում են փոքրիկներ, ովքեր խոցելի կարգավիճակ ունեն և զգում են մեր հոգածության կարիքը։ Նրանց առօրյան ամառային արձակուրդների օրերին դրական լիցքերով հավելելու գործում նշանակա­լի դեր կարող են խաղալ կրթադաստիարակչական ծրագրերը։ Առավել ևս, երբ այդ ծրագրերի միջոցով հնարավոր է լինում երեխային մոտեցնել հայ և համաշխարհային արվեստին՝ այդ կերպ սերմանելով նրանցում հայրենա­սի­րու­թյուն և սեր դեպի մշակույթը։ Նման ծրագրերի միջոցով հնա­րավոր կլինի որո­շա­կիորեն նպաստել ոչ միայն փոքրիկների կենսակերպում դրական փոփոխությունների ներդրմանը, այլ նաև մարզային դաշտում ոլորտային մասնագետների սոցիալական վիճակում դրական հավելումնե­րին։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցու­թյու­նը ՀՀ սահ­մանա­մերձ, ինչպես նաև 1988 թ․ երկրաշարժի գոտու մարզերի 4-8-րդ դասարաններում սո­վո­րող երեխաների կրթադաստիարակչական բնույթի ծրագրերի իրականացման գործում։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մար­դասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համա­րում որոշ բնակավայրերի 4-8-րդ դասարաններում սովորող և հիմնադրամի համար հստակեցված կարգավիճակ ունեցող երեխաների համար կազ­մակերպել «Փոքրիկ հայրենակից» ծրա­գիրը։ Արդյունքում, ծրագրին մասնակ­ցող երեխաների համար հնարավոր կլինի ապահովել արժեքավոր գիտելիքներով և հմտություններով հագեցած հետաքրքիր օրեր։ 

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներա­ռել ՀՀ սահմանա­մերձ Սյու­նիքի մարզի Կապան և ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքների ու հարակից գյուղերի 4-8-րդ դասարաններում սովորող այն մասնակիցներին, ովքեր հանդիսանում են՝ 

  1. 2016-2023 թթ․ զոհված կամ հաշմանդամ դարձած պաշտպանի զավակ։

  2. 2016-2023 թթ․ զոհված կամ հաշմանդամ դարձած պաշտպանի հարազատ քույր կամ եղբայր։

  3. Սոցիալապես անապահովի (նպաստառուի) կարգավիճակ ունեցող ընտանիքի զավակ։

  4. 2023 թ․ սեպտեմբերի վերջին Արցախից տեղահանված ընտանիքի զավակ։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու ձևաչափով։ Առա­ջին ձևաչափով հիմնադրամի էլ․ հասցեին են ուղարկվում նշված բնակավայրերի դպրոցների տնօրենների պաշտոնական գրությունները, որոնցում նշված են լինում մասնակցության ցանկություն արտահայտած աշակերտների տվյալները։ Երկրորդ ձևաչափով աշակերտների ծնողները կարող են ինքնուրույն լրացնել իրենց երեխայի մասնակցության էլեկտրոնային հարցարանը։

Երկու դեպքում էլ հիմնադրամի [email protected] պաշտոնական էլ․ հասցեին անհրաժեշտ է ուղարկել մի շարք փաստաթղթերի սքան տարբերակներ՝ ըստ մասնակցի մասնակցության կարգավիճակի՝ 

Բոլոր մասնակիցները պետք է ուղարկեն՝ 

1․մասնակից երեխայի ծննդական։, 

2․ծնողներից մեկի անձնագրի կամ նույնականացման քարտի երկու էջերը, 

Եթե մասնակիցն ունի ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած ծնող կամ հարազատ եղբայր՝

1․այդ կարգավիճակը փաստող տեղեկանք կամ վկայական։

Եթե մասնակցի ընտանիքն ունի սոցիալապես անապահով (նպաստառուի) ընտանիքի կարգավիճակ՝

1․նպաստառուի կարգավիճակը փաստող տեղեկանք։

Եթե մասնակցի ընտանիքը տեղահանվել է Արցախից 2023 թ․ սեպտեմբերի վերջին՝

1․ծնողներից մեկի կամ երեխայի փախստականի վկայական (երկու էջերը)։

Մասնակիցների վերջնական թիվը սահմանափակ է։ Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի մասնակցության հայտը լրացվի մինչև մայիսի 30-ը։ 

Տնօրենների գրություններից, էլեկտրոնային հարցարանի և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջներին առավելապես բավարարող մասնակիցները։ Այդ մասին դպրոցների տնօրենները և/կամ մասնակիցների ծնողները տեղեկացվում են էլ․ հասցեներին ուղարկված նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով։

Ինչպե՞ս է ընթանալու սեմինարը։

Դասերը ընթանալու են՝

  • Կապանում հունիսի առաջին շաբաթից սկսած մինչև 10 օր, Կապանի արվեստի դպրոցում։

  • Գյումրիում հուլիսի առաջին շաբաթից սկսած մինչև 10 օր, Գյումրու Մանկապատանեկան արվեստի պալատում։

  • Ուշադրությո՛ւն՝ դասերի անցկացման վայրն ու ժամանակահատվածը կարող են փոփոխվել։

Մասնակիցները սովորելու են՝

  • ազգային երգ, պար, նկարչություն, թատերական խաղ։

Մասնակիցները հիմնադրամի կողմից ստանալու են՝

  • նկարչական պարագաներ։

Մասնակիցները պետք է պարի դասերի համար ունենան իրենց հետ՝

  • համապատասխան սպորտային համազգեստ,

  • մասիկներ։

  • Հիմնադրամը ընտրված մասնակիցներին տրամադրելու է նկարչական պարագաներ։
  • Հիմնադրամը չի հոգում դասերին մասնակցելու նպատակով մասնակցի ուղևորափոխադրման ծախսերը։