ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հաշվետվություն

Հաշվետվություն 2021

Հաշվետվություն 2021

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ հունվարի 31-ին կայացած նիստում, ի թիվ այլ հարցերի, ամփոփվեցին հիմնադրամի 2021 թ․ գործունեության արդյունքները, որոնց ամփոփ պատկերը ներկայացնում ենք ստորև։

Հիմնադրամը պաշտոնապես իր գործունեությունը սկսել է 2021 թ․ ապրիլի 14-ից։ Հաշվետու տարում հիմնադրամի դրամական միջոցները գոյացել են սփյուռքում և հայրենիքում բնակվող մեր հայրենակիցների, սփյուռքի հայկական համայնքային կազմակերպությունների նվիրատվություններից։ Նվիրատուների աշխարհագրությունն ընդգրկել է առաջին հերթին Ռուսաստանը՝ մասնավորապես այն ներկայացնող Դոնի Ռոստովի մեր հայրենակիցներին։ Նրանց են միացել Կանադայի, ԱՄԷ, ԱՄՆ հայկական սփյուռքի ներկայացուցիչները։

Գործունեության մեջ կարևորվել է մեր հայրենակցին օգնելու և մասնագիտական աճին խրախուսելու սկզբունքը։

Նախատեսված է եղել 11 ծրագիր։ Դրանք առնչվել են գիտության, կրթության, առողջապահության, սոցիալական և մեդիա ոլորտներին։

Նախատեսված ծրագրերը մարդասիրական-սոցիալական ուղղվածություն են ունեցել։

Իրականացվել է 10 ծրագիր, իսկ 11-րդը դեռ ընթացքի մեջ է։

Իրականացված ծրագրերի արդյունքում հաջողվել է

Գիրքը սահմանին
9 դպրոց ստացել է 83 անուն նոր գրքերից բաղկացած փաթեթներ («Գիրքը սահմանին» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ, Գեղանուշ, Դավիթբեկ, Եղվարդ, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սյունիք սահմանամերձ գյուղերի դպրոցներ):

Սահմանի աշակերտի կողքին
78 աշակերտ ստացել են դպրոցական պայուսակ և գրենական պիտույքներից բաղկացած փաթեթ («Սահմանի աշակերտի կողքին» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ, Գեղանուշ, Դավիթբեկ, Եղվարդ, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սյունիք սահմանամերձ գյուղերի դպրոցների 1-ից 4-րդ դասարաններում սովորող աշակերտներ):

Երիտասարդ լրագրողների դպրոց
9 ուսանող մասնակցել է լրագրողական հմտությունների զարգացման սեմինարի, որոնցից 5-ը արժանացել են 100000-ական ՀՀ դրամի չափով մեկանգամյա կրթաթոշակի («Երիտասարդ լրագրողների դպրոց» ծրագիր, Երևան, Երևանի պետական և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ):

Երիտասարդ առաջնորդների դպրոց
7 ուսանող մասնակցել է առաջնորդության հմտությունների զարգացման սեմինարի, որոնցից 4-ը արժանացել են 100000-ական ՀՀ դրամի չափով մեկանգամյա կրթաթոշակի («Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիր, Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Գորիսի պետական համալսարաններ):

Համացանցային տեղեկատվական մեդիա հարթակ
9 կամավոր ուսանող թղթակցել է
ditarkum.info համացանցային մեդիա հարթակին՝ նպաստելով վերջինիս փորձարարական շահագործմանը։ Նույն նպատակով ընտրված 2 երիտասարդ լրագրող երկամսյա ժամկետում, վճարովի հիմունքներով պատրաստել են լրագրողական նյութեր։ («Համացանցային տեղեկատվական մեդիա հարթակ» ծրագիր):

Գիտավերլուծական հրապարակումներ
1 ասպիրանտ արժանացել է 40000 ՀՀ դրամի չափով խրախուսական դրամական նվիրատվության («Գիտավերլուծական հրապարակումներ» ծրագիր, Երևանի պետական համալսարան, կենսաբանության ոլորտ):

Գրադարանի վերանորոգում և կահավորում
1 սահմանամերձ դպրոցի գրադարան ամբողջությամբ վերանորոգվել է, կահավորվել և համալրվել 83 անուն նոր գրքերով՝ վերածվելով նաև ընթերցասրահի։ («ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 13 միջնակարգ դպրոցի «Ա․ Պուշկինի անվան գրադարան»-ի վերանորոգում և կահավորում» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Կապան):

Հանուն գյուղացու աշխատանքի
2 սահմանամերձ գյուղերում
գյուղատնտեսական ծրագրերի ներդրման նպատակով իրականացվել է  մասնագիտական հետազոտություն, որի արդյունքում մշակվել են գյուղատնտեսական ծրագրեր։ («Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզ, Եղվարդ և Դավիթբեկ գյուղեր):

Առողջ հայրենակից
Սահմանամերձ գյուղերի 4 բնակիչ հիմնադրամի միջոցներով վիրահատվել են («Առողջ հայրենակից» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզ, Ուժանիս, Գեղանուշ, Դավիթբեկ, Գոմարան գյուղեր):

Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար
Սահմանամերձ բնակավայրերի 6 երիտասարդներ հիմնադրամի միջոցներով սովորում են վեբ ծրագրավորում («Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս և Մեղրի քաղաքներ, Տեղ, Ծավ և Քարաշեն գյուղեր):

Ամանորյա նվեր զինվորի զավակին
40 հերոս հայորդիների 2-12 տարեկան շուրջ 67 երեխա Ամանորին ընդառաջ ստացել են քաղցրավենիքներից, խաղալիքներից, գրենական պիտույքներից կազմված ամանորյա նվերների հավաքածուներ և իրենց ներկայացուցիչների հետ մասնակցել են ամանորյա համերգային-թատերական ներկայացման («Ամանորյա նվեր զինվորի զավակին» ծրագիր, Երևան, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց  ձորի, Լոռու մարզեր ու Արցախի Հանրապետություն):