ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

Կրթություն հանուն աշխատանքի 2024 (համառոտ նկարագրություն)

Կրթություն հանուն աշխատանքի 2024 (համառոտ նկարագրություն)

Հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած մեր հերոս զինվորների, ինչպես նաև 2023 թ․ սեպտեմբերի վերջին Արցախից տեղահանված երիտասարդ ընտանիքները մշտական ուշադրության կարիք ունեն։ Այդ ուշադրության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նրանց սոցիալական խնդիրների լուծման այնպիսի տարբերակները, որոնք հնարավորություն կստեղծեն ընտանիքի արժանապատիվ գոյության պահպանման համար։ Յուրաքանչյուր մարդու արժանապատիվ գոյության հիմքում ընկած է աշխատանքը։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Կրթություն հանուն աշխատանքի» ծրագիրը։ Այն հնարավորություն կտա 2016-2023 թթ․ Հայաստանում և Արցախում տեղ գտած մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած տղաների տիկնանց, ովքեր իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխաներ, ինչպես նաև 2023 թ․ սեպտեմբերի վերջին Արցախից տեղահանված ու ՀՀ որոշ մարզերում բնակություն հաստատած 20-49 իգական սեռի ներկայացուցիչներին ստանալու կարճաժամկետ կրթություն՝ տիրապետելու համար ծրագրով նախատեսված 8 մասնագիտություններից մեկը։ Հիմնադրամն իր միջոցների հաշվին պատրաստ է փոխհատուցել ուսման վարձավճարն ամբողջությամբ կամ մասնակի։ Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է։ Մասնակիցներն ընտրվում են ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան։ Դասընթացների և դրանց վայրի ու կազմակերպության ընտրության իրավունքը պատկանում է ընտրված մասնակցին։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրի մասնակիցներ կարող են լինել ներքոհիշյալ կարգավիճակ ունեցող իգական սեռի ներկայացուցիչները․

  1. 2016-2023 թթ․ զոհված զինծառայողի այրի,

  2. 2016-2023 թթ․ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի տիկին, 

  3. 2023 թ․ սեպտեմբերի վերջին Արցախից տեղահանված։  

Պարտադիր պայման․

  • մասնակիցը պետք է փաստացի բնակվի Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի սահմանամերձ մարզերից մեկում։

  • մասնակցի տարիքը՝ 20-49 տարեկան։

Ի՞նչ անել սկզբում։

Հայտատուն պետք է նախապես կողմնորոշվի նշված 8 մասնագիտություններից մեկի ընտրության հարցում․

  • հաշվապահություն
  • հացագործություն
  • հրուշակեղենագործություն
  • մատնահարդարում
  • կար ու ձև
  • վարսահարդարում
  • ֆլորիստ դիզայներ
  • ֆուրշետի ձևավորում

Այնուհետև, հայտատուն պետք է ընտրի նախընտրած մասնագիտությամբ կարճաժամկետ դասընթացներ իրականացնող կազմակերպությանը կամ անհատ ձեռներեցին ու այդ տվյալները ներառի էլեկտրոնային հարցարանում։

Ինչպե՞ս գրանցել հայտը։

Հայ­տատուն պետք է լրացնի էլեկտրոնային հարցարանը՝ մուտք գործելով այս ծրագրի վերջում գտնվող “Արձանագրվեք այստեղ” բաժինը։ Հայտը չի կարող դիտարկվել, եթե հիմնադրամի էլ․ հասցեին չեն ուղարկվել պահանջված փաստաթղթերը։

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։

Անհրաժեշտ փաստաթղթերի սքան տարբերակները պետք է ուղարկել հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ [email protected] կամ վայբերի հեռախոսահամարին՝ +37494261182։ Անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կարող է պահանջել ներկայացնելու նշված փաստաթղթերի բնօրինակները։ 

Փաստաթղթերի ցանկ՝

  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID քարտ),

  • ամուսնության վկայական կամ երեխայի հայրությունը հաստատող փաստաթուղթ,

  • զոհված զինծառայողի կարգավիճակի փաստաթուղթ (վկայական),

  • հաշմանդամ զինծառայողի կարգավիճակի փաստաթուղթ (վկայական),

  • անչափահաս երեխայի/ների ծննդյան վկայական/ներ։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Էլեկ­տրո­­նային հարցարանի և նշված փաս­տաթղթերի ուսում­­­նասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջնե­­­րը բավարարող մասնակիցները։ Վերջիններիս համար հիմնադրամը սահմանում է վարձավճարների չափաբաժինը՝

  1. Ներկայացված մասնագիտություններից յուրաքան­չյու­րի համար վարձավճարը մեկ մասնակցի չափով կարող է հասնել մինչև 120000 ՀՀ դրամի։
  2. Հաստատվելիք հայտերի թիվը սահմանափակ է։

Ընտրվելու դեպքում` մասնակիցները տեղեկանում են իրենց էլ․ հասցեի / ֆեյսբուքյան էջի / վայբեր-վաթսափի էջերից որևէ մեկին ուղարկված ծանուցող նամակ­նե­րի և/կամ հեռախոսազանգերի միջոցով։ Մասնակիցների սահմանված թիվը լրանալու դեպքում՝ հիմնադրամը կարող է ժամանակից շուտ դադարեցնել հայտերի ընդունումը:

Ինչպե՞ս են մասնակիցներն աջակցություն ստանալու։

Այս փուլում մասնակիցները սովորում են իրենց նախընտրած մասնագիտությունը իրենց նախընտրած կազմակերպու­թյուն­ների կամ անհատ ձեռներեցների մոտ։ Վերջիններս մասնակիցների ուսումն ավարտելուց հետո, հիմնադրամի հետ նախապես համաձայնեցված կարգով, հիմնադրամի էլ․ հասցեին են ուղարկում ուսման վարձավճարի հաշիվը, որում նշված և հիմնադրամի սահմանած գումարի չափը չգերազանցող գումարը վճարում է հիմնադրամը՝ համա­պա­տասխան բանկային փոխանցման եղանակով։