ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԳյուղատնտեսությունՆորություններ

2021 թ․ գյուղատնտեսական ծրագրի ամփոփում

2021 թ․ գյուղատնտեսական ծրագրի ամփոփում

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամն ավարտին հասցրեց իր ծրագրերից ևս մեկը։ Այս անգամ ամփոփվեցին «Հանուն գյուղացու աշխատանքի» սոցիալական ծրագրի արդյունքները։ Հիշեցնենք, որ ծրագրի 2021 թվականի փուլը նախատեսում էր իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղական բնակավայրերի գյուղատնտեսական հիմնախնդիրների ընդհանուր ուսումնասիրություն, որի արդյունքում պետք է կազմվեին տիպային բնույթ կրող գյուղատնտեսական ենթածրագրեր։ Այդ նպատակով հիմնադրամը ոլորտի մասնագետների հետ համագործակցության հայտարարություն էր տարածել, որին արձագանքել էր գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ Հրանտ Խաչատրյանը։ Հիմնադրամի պատվերով Խաչատրյանը սահմանված ժամանակահատվածում իրականացրեց ոլորտային անհրաժեշտ ուսումնասիրություն։ Նա այցելեց ծրագրի շրջանակում որպես փորձարարական գյուղեր ընտրված սահմանամերձ Դավիթ բեկ և Եղվարդ։

Ծանոթանալով գյուղերի իրական ոլորտային հնարավորություններին, գնահատելով շուկայի առկա պահանջներն ու հնարավոր ռիսկերը՝ հիմնադրամին ներկայացվեց 4 տիպային գյուղատնտեսական ծրագիր։ Դրանից մեկը անասնապահական, իսկ մյուս երեքը հողագործական բնույթի ծրագրեր են։ Կարևոր է ընդգծել, որ այս ծրագրերը նպատակ են ունենալու նպաստել գյուղացու սոցիալական վիճակի բարելավմանը և ֆինանսական հավելյալ բեռ չեն ստեղծելու նրա համար։ Այդ նպատակով նախատեսվում է 2022 թվականին, համապատասխան նվիրատվությունների ստացման արդյունքում, իրականացնել այդ ծրագրերը։ Վերջիններիս ծանոթանալու և մասնակցելու նպատակով հիմնադրամը ոչ միայն առաջիկայում հրապարակելու է տեղեկատվական նյութեր և մասնակցության հայտի հարցարան, այլ կազմակերպելու է առկա ու հեռավար հանդիպումներ երկու գյուղերը ներկայացնող և մասնակցության հայտ լրացրած գյուղացիների հետ։ Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք գործնական աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցներին։