ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Ամանորյա նվեր զինվորի զավակին 2023 թ․ ծրագիրն ամփոփվեց

Ամանորյա նվեր զինվորի զավակին 2023 թ․ ծրագիրն ամփոփվեց

2023 թ․ դեկտեմբերի 15-ին և 23-ին ամփոփվեց «Ամանորյա նվեր զինվորի զավակին» 2023 թ․ ծրագիրը։ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամն արդեն երրորդ անգամ է իրականացնում այս սոցիալական ծրագիրը։ Այս անգամ ծրագրի մասնակիցների թիվը գրեթե քառապատկվել է՝ հասնելով 393 երեխայի։ 2016-2023 հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների, հաշմանդամ դարձածների, անհայտ կորածների, 2023 թ․ սեպտեմբերի վերջից Արցախից տեղահանված ընտանիքների 4-ից 9 տարեկան երեխաները և նրանց ուղեկցողները հիմնադրամի հովանու ներքո հյուրընկալվել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝ դիտելու «Սանտայի նվերները» ամանորյա ներկայացումը։ 

Ձեռնարկներին նախորդել էին երկար նախապատրաստական աշխատանքներ, որոնց ընթացքում հիմնադրամի կողքին կրկին կանգնեցին մեր կամավորները։ Նրանց աջակցությունն անփոխարինելի էր նաև ձեռնարկների իրականացման ընթացքում։

Երևանից բացի ամանորյա մեր ձեռնարկներին հյուրընկալվել էին հանրապետության տարբեր բնակավայրերում ապրող հարյուրավոր երեխաներ։ Նրանք եկել էին Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերից։

Ներկայացումից հետո մեր մասնակիցներին սպասում էր հյուրասիրություն։ Միջոցառման գլխավոր մասը Ձմեռ պապի և նրա օգնականների հետ հանդիպումն էր։ Մեր փոքրիկ բարեկամներն արժանացան ամանորյա նվերների, որոնց մեջ բազմազան խաղալիքներ ու քաղցրավենիքներ կային։

Սիրելի՛ բալիկներ, մեր հիմնադրամի կողմից սրտանց շնորհավորում ենք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում ենք ձեզ խաղաղ տարիներ՝ լի մեծամեծ հաջողություններով։ Եղե՛ք առողջ և երջանիկ։ Ձեր՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ։