ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

«Մանուկների տոն» Գյումրիում․ բարեգործական միջոցառում երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Հունիսի 2-ին «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը իրականացրել է մարդասիրական ծրագիր՝ «Մանուկների տոն» խորագրով՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Տոնը նշվել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ ջերմ մթնոլորտում և մշակութային հագեցած ծրագրով։

Միջոցառմանը մասնակցել են կենտրոնի 2–7 տարեկան 24 երեխաներ, որոնց համար հիմնադրամը կազմակերպել էր ուրախ և հիշարժան օր։ Հատուկ այդ օրվա համար, հիմնադրամի հրավերով, Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ, անվճար ներկայացրել է «Բարեկենդանը» հեքիաթը։

Ներկայացման ընթացքում փոքրիկները մասնակցել են ավանդական խաղերի, պարել ազգային պարեր՝ ձևավորելով շարժուն, մշակութային և դաստիարակչական միջավայր։
Միջոցառման ավարտին հիմնադրամի ներկայացուցիչները երեխաներին բաժանեցին սպասված նվերների պարկեր, որոնք ընդգրկում էին փափուկ խաղալիքներ, նկարչական պարագաներ և զարգացնող խաղեր։

Հիմնադրամը կենտրոնին է նվիրել նաև զարգացնող խաղեր, ինչպես նաև Հայաստանի և աշխարհի ինտերակտիվ քարտեզներ, որոնք կօգտագործվեն երեխաների ուսումնական գործընթացում։
«Նման նախաձեռնությունները մեզ համար պարզապես տոնական ծրագրեր չեն։ Դրանք հնարավորություն են շփվելու մեր փոքրիկ հայրենակիցների հետ, սատարելու նրանց, ներգրավելու մշակութային հոսանքներին և տալու ջերմության զգացողություն։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի պաշտպանված ու ուշադրության կենտրոնում», – նշել է հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը։

Ծրագրի իրագործման ընթացքում ակտիվ ներգրավվածություն են ունեցել նաև Գյումրիից միացած 4 կամավորներ։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։

Կենտրոնի տնօրենի ժ․պ․ Լամարա Աբրահամյանը իր երախտագիտությունն է հայտնել հիմնադրամին՝ մասնագիտական մոտեցման, ուշադրության և ջերմության համար՝ ընդգծելով, որ նման ծրագրերը ոգեշնչում են ոչ միայն երեխաներին, այլև կենտրոնի ամբողջ անձնակազմին՝ հիշեցնելով, թե որքան կարևորված են մեր փոքրիկները հասարակության տարբեր շերտերի կողմից։

Այս ձևաչափով ծրագիրը կյանքի է կոչվում առաջին անգամ, սակայն նախատեսվում է այն դարձնել շարունակական։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով