ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԿրթությունՆորություններ

«Արմաթ Ախալցխա» ծրագիրը որպես նոր համագործակցության սկիզբ

«Արմաթ Ախալցխա» ծրագիրը որպես նոր համագործակցության սկիզբ

Մեկնարկեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի 2023 թ․ հերթական՝ «Արմաթ Ախալցխա» ծրագիրը։ Այն հիմնադրամի համար նոր ուղղություն է ենթադրում։ Առաջին անգամ մեր հիմնադրամի ծրագիրը կիրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ «Արմաթ Ախալցխա»-ն տեղավորվում է 2023 թ․ հիմնադրամի ծրագրային բարեփոխումների արդյունքում ՏՏ ոլորտի նոր ծրագրային ուղղվածության շրջանակում։ Ծրագրի իրականացումը կամրջելու հարցում մեծ դեր խաղացել «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանը։ Վերջինիս ջանքերի արդյունքում հաջողվեց ապահովել Ախալցխայում գործող «Արմաթ» կենտրոնի 2023 թ․ համար անհրաժեշտ սպասարկման ու պահպանման ծախսերի համար անհրաժեշտ միջոցները։ 

Ծրագիրը գործնական դաշտ բերելու նպատակով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանի հետ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը ստորագրեց համագործակցության հուշագիր։ Օրերս «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը կատարեց անհրաժեշտ միջոցների առաջին կեսի տրամարդումը։ Այդ կերպ մենք միանում ենք երիտասարդ սերնդի համար արդի տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնելու գործընթացին։ Մեծապես հավատացած ենք, որ մասնագիտական արդյունահեն և նվիրական աշխատանքի միջոցով մեր նոր սերունդը արձանագրելու է մեծ հաջողություններ։