ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հաշվետվություն

Հաշվետվություն 2025

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ հունվարի 7-ին կայացած նիստում, ի թիվ այլ հարցերի, ամփոփվեցին հիմնադրամի 2025 թ․ գործունեության արդյունքները, որոնց ամփոփ պատկերը ներկայացնում ենք ստորև։

Հաշվետու տարում հիմնադրամի դրամական միջոցները գոյացել են սփյուռքում և հայրենիքում բնակվող մեր հայրենակիցների, սփյուռքի հայկական համայնքային կազմակերպությունների նվիրատվություններից։ Նվիրատուների աշխարհագրությունը կրկին ընդգրկել է առաջին հերթին Ռուսաստանը՝ մասնավորապես այն ներկայացնող Դոնի Ռոստովի հայկական համայնքը։ Նրանց են միացել Լիբանանի հայկական սփյուռքի և Հայաստանի մեր հայրենակիցները։

Գործունեության մեջ կարևորվել է մեր հայրենակցին օգնելու և մասնագիտական աճին խրախուսելու սկզբունքը։

Հիմնադրամը 2025 թ․ նախատեսել և իրականացրել է 9 ծրագիր։ Բոլոր նախատեսված ծրագրերն իրականացվել են 2025 թ․ ընթացքում։ Մեր ծրագրերի ընթացքում հնարավոր եղավ աջակցել շուրջ 520 մարդու, որոնցից 494-ը՝ 2-13 տարեկան երեխաներ։ Այդ մարդկանց թվում էին սահմանամերձ գյուղերի 6 ուսուցիչներ և 20 երիտասարդներ։ Աջակցություն ստացան տարբեր կառույցներ, որոնցից՝ 7 մարզային դպրոց, 1 կրթական կենտրոն, 2 թանգարան։

Իրականացված ծրագրերի արդյունքում․

«Արմաթ Ախալցխա» ծրա­­գիր 

2025 թվականին շարունակել է Ախալցխայի «ԱրՄաթ» կենտրոնի հովանավորությունը, որի շնորհիվ 5 խմբերում տեխնոլոգիական կրթություն է ստացել 65 սան: Կենտրոնի սաները հաջողությամբ մասնակցել են «Armath TechnoCamp 2025»-ին և «DigiTec 2025» ցուցահանդեսին, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերած «ԱՐMAՏԵԿ» ջոկատի համար կազմակերպվել է խրախուսական ճանաչողական այց դեպի Հայաստանի առաջատար տեխնոլոգիական և գիտական կենտրոններ: Ծրագիրը միտված է Ջավախքի երիտասարդության շրջանում ինժեներական մտքի զարգացմանն ու ժամանակակից EdTech միջավայրի ստեղծմանը:

«Մանուկների տոն» ծրագիր
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում» իրականացվել է «Մանուկների տոն» մարդասիրական միջոցառումը։ Ծրագրի շրջանակում կենտրոնի 2-7 տարեկան 24 սաների համար կազմակերպվել է մշակութային ցերեկույթ, որի ընթացքում Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան ներկայացրել է «Բարեկենդանը» հեքիաթը: Միջոցառման ավարտին երեխաները ստացել են նվերների պարկեր, իսկ կենտրոնին փոխանցվել են զարգացնող խաղեր և ուսումնական ինտերակտիվ քարտեզներ։

«Փոքրիկ հայրենակից» ամառային դպրոց» ծրագիր
Կապան համայնքում իրականացվել է «Փոքրիկ հայրենակից» ամառային ճամբարը, որին մասնակցել են 4–7-րդ դասարանների 71 աշակերտներ, այդ թվում՝ զոհված զինվորների զավակներ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։ Հունիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում սաները ներգրավվել են արվեստի տարբեր ճյուղերի (պար, թատրոն, կերպարվեստ) և սպորտային դասընթացների մեջ, ինչպես նաև այցելել տեղի թանգարաններ ու թատրոն: Ծրագիրն իրականացվել է Սյունիքի մարզպետարանի և Կապանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ՝ Դոնի հայ երիտասարդների միության կամավորների ակտիվ մասնակցությամբ՝ ամրապնդելով Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը։

«Գիրքը սահմանին» ծրագիր
Սահմանամերձ Կապանի էլեկտրոնային գրադարանում անցկացրել է «Գիրքը սահմանին» ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որին մասնակցել են Կապանի և Սյունիք բնակավայրի 7 դպրոցների 21 աշակերտներ և 7 ուսուցիչներ։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թիվ 6, թիվ 10 և Սյունիքի միջնակարգ դպրոցների թիմերը պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և գրքային փաթեթներով, իսկ մյուս մասնակիցներն ստացել են գիտահանրամատչելի գրականություն և շնորհակալագրեր։ Ծրագիրն իրականացվել է Սյունիքի մարզպետարանի և Կապանի համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայրենիք-սփյուռք կապն ու պատանիների գիտելիքները Նոր Նախիջևանի հայկական համայնքի պատմության վերաբերյալ։

«Թանգարան» ծրագիր
2025 թվականին մեկնարկել է «Թանգարան» ծրագիրը, որի առաջին փուլում Եղեգնաձորի երկրագիտական թանգարանին է նվիրաբերվել 6 գրասալիկ (պլանշետ)՝ ցուցանմուշների պատմությունն անիմացիոն տեսանյութերով ներկայացնելու և տեղեկատվական տեխնոլոգիաները թանգարանային միջավայրում ինտեգրելու նպատակով։

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում Հովհաննես Թումանյանի թանգարանին են փոխանցվել մասնավոր հավաքածուից ձեռք բերված 38 բացառիկ անտիպ ձեռագրեր, որոնք բանաստեղծն օգտագործել է «Սասունցի Դավիթ» պոեմը գրելիս։ Այս նախաձեռնությունները միտված են թանգարանների նյութատեխնիկական բազայի հագեցմանը և ազգային նշանակության մշակութային գանձերի պահպանմանն ու հետազոտմանը։

«Մենք» առաջնորդության դպրոց
Երևանում իրականացվել է «Մենք» առաջնորդության դպրոցի հինգերորդ հոբելյանական ծրագիրը, որին մասնակցել են Հայաստանի առաջատար բուհերի (ԵՊՀ, Բրյուսովի համալսարան, ՀՊՏՀ, ՀՌՀ) շուրջ 20 երիտասարդներ։ Սեպտեմբերի 15-22-ը տևած ինտենսիվ դասընթացների ընթացքում մասնակիցները ոլորտի առաջատար փորձագետներից ստացել են տեսական և գործնական գիտելիքներ առաջնորդության, հանրային հաղորդակցության և արհեստական բանականության կիրառման վերաբերյալ։ Ծրագրի արդյունքում բոլոր սաներն ստացել են մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույն 8 երիտասարդները հնարավորություն են ստացել անցնելու մեկամսյա վճարովի աշխատանքային փորձաշրջան գործընկեր լրատվամիջոցում։

«Առողջ հայրենակից» ծրագիր
Ծրագրի շրջանակում Գորիսի բժշկական կենտրոնում իրականացվել է անվճար բուժզննում, որից օգտվել է Գորիս, Տեղ և Տաթև համայնքների 127 անչափահաս երեխա։ Միջոցառմանը ներգրավված էին Երևանի «Արաբկիր» և «Ուիգմոր» բժշկական կենտրոնների յոթ բարձրակարգ մասնագետներ, այդ թվում՝ նյարդաբաններ, մանկաբույժներ, վիրաբույժներ և սոնոգրաֆիստ։ Ծրագրի նոր ձևաչափը նպատակ ունի թեթևացնել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը՝ հնարավորություն տալով տեղում ստանալու նեղ մասնագիտական խորհրդատվություն և կանխարգելելու առողջական խնդիրները։

«Ուսուցիչ» ծրագիր
Ծրագրի նպատակն էր արժևորել ՀՀ սահմանամերձ մարզերի դպրոցներում աշխատող մանկավարժների անձնվեր գործունեությունը։ Խիստ չափորոշիչներով անցկացված գնահատման արդյունքում մրցանակային միավորի շեմը հաղթահարել են 6 ուսուցիչներ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից, որոնցից յուրաքանչյուրն ստացել է 200,000 ՀՀ դրամի չափով դրամական պարգև։ Ծրագիրը շեշտադրում է կրթության կարևորությունը սահմանամերձ համայնքների կայունության գործում և նախատեսվում է դարձնել ամենամյա՝ խրախուսելու համար նորարար և ակտիվ համայնքային ներգրավվածություն ունեցող մանկավարժներին։

«Ամանորյա նվեր» ծրագիր

 

 

 

 

 

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացվել է «Ամանորյա նվեր» ծրագիրը, որի շրջանակում Երևանի Տիկնիկային թատրոնում հյուրընկալվել են զոհվածների, անհայտ կորածների և Արցախից բռնի տեղահանված ընտանիքների 159 երեխաներ: Միջոցառման ընթացքում փոքրիկները դիտել են տոնական ներկայացում և ստացել նվեր-փաթեթներ։ Այս տարի ծրագրի շրջանակն ընդլայնվել է․ նվեր-փաթեթներ ստացան «ՍՕՍ մանկական գյուղեր» և Գյումրու «Երեխաների տուն» կազմակերպությունների 27 սաները: Ծրագրի հաջող իրականացմանը սատարել է կամավորների լայն թիմը, այդ թվում՝ Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները, ինչը կարևոր նշանակություն ունի սերունդների միջև սոցիալական պատասխանատվության և համերաշխության ամրապնդման գործում: