Հաշվետվություն 2024
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ հունվարի 9-ին կայացած նիստում, ի թիվ այլ հարցերի, ամփոփվեցին հիմնադրամի 2024 թ․ գործունեության արդյունքները, որոնց ամփոփ պատկերը ներկայացնում ենք ստորև։
Հաշվետու տարում հիմնադրամի դրամական միջոցները գոյացել են սփյուռքում և հայրենիքում բնակվող մեր հայրենակիցների, սփյուռքի հայկական համայնքային կազմակերպությունների նվիրատվություններից։ Նվիրատուների աշխարհագրությունը կրկին ընդգրկել է առաջին հերթին Ռուսաստանը՝ մասնավորապես այն ներկայացնող Դոնի Ռոստովի հայկական համայնքը։ Նրանց են միացել Լոբնիայի հայկական համայնքը, Նյու Ջերսիի Յովնանեան վարժարանը և Հայաստանի մեր հայրենակիցը։
Գործունեության մեջ կարևորվել է մեր հայրենակցին օգնելու և մասնագիտական աճին խրախուսելու սկզբունքը։
Հիմնադրամը 2024 թ․ նախատեսել և իրականացրել է 10 ծրագիր։ Բոլոր նախատեսված ծրագրերն իրականացվել են 2024 թ․ ընթացքում։ Մեր ծրագրերի ընթացքում հնարավոր եղավ աջակցել շուրջ 283 մարդու, որոնցից 256-ը՝ 4-13 տարեկան երեխաներ։ Այդ մարդկանց թվում էին նաև սահմանամերձ բանկավայրերում ապրող 5 բուժառու, երեխաների խնամքի կենտորնի հոգածության տակ գտնվող 9 պատանի, կրթական մեր ծրագրից օգտված 13 երիտասարդ։ Հարկ ենք համարում առանձին նշել, որ թվով 2026 ընտանիք ստացավ «Արցախ» և «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագրերի շրջանակում մեր նախատեսած աջակցությունը։ Աջակցություն ստացան տարբեր կառույցներ, որոնցից՝ 13 մարզային դպրոց, 1 կրթական կենտրոն։ Մեր կազմակերպմամբ իր մասնագիտական փորձը փոխանցեց օտարերկյա բժշիկը Երևանի մեկ բժշակական կրթական հաստատության և սահմանամերձ մարզում գործող մեկ կլինիկայի գործընկերների հետ։
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) համագործակցության շնորհիվ 2024 թվականին հաջողությամբ շարունակվել է Ախալցխայի «ԱրՄաթ» կենտրոնի ֆինանսավորումը։ 5 խմբերում ներգրավված 62 սաներն ուսումնական տարվա ընթացքում ստեղծել են տասնյակ անիմացիաներ և խաղեր։ Ծրագրի նշանակալի հաջողությունն է «Koreez» կրթական մրցանակաբաշխության «Koreez Armath» անվանակարգում սաներ Գրիգոր Թութոյանի և Արտաշես Ասլանյանի զբաղեցրած 1-ին և 2-րդ պատվավոր տեղերը։
«Արցախ» ծրագիր
Հիմնադրամը 2024 թվականին իրականացրել է լայնածավալ «Արցախ» ծրագիրը՝ ուղղված 2023 թ. սեպտեմբերին բռնի տեղահանված մեր հայրենակիցների զորակցությանը: Դոնի Նոր Նախիջևան հայկական համայնքի և հիմնադրամի նախագահ Հարություն Սուրմալյանի անմիջական աջակցությամբ հավաքագրված միջոցներով հնարավոր է եղել օգնություն տրամադրել 2024 ընտանիքների: Բոլոր շահառու ընտանիքները ստացել են շուրջ 25 կգ սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, իսկ նրանցից 928 ընտանիք ստացել է նաև էլեկտրական տաքացուցիչներ: Աջակցությունն ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերն ու Երևան քաղաքը:
«Սահմանապահ» ծրագիր
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ 2024 թ. հուլիսին իրականացվել է «Սահմանապահ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստան է հրավիրվել բրիտանացի անվանի այրվածքաբան, պրոֆեսոր Սթիվեն Ջեֆֆրին: Բիրմինգհեմի քաղաքային համալսարանի առաջատար մասնագետը նեղ մասնագիտական սեմինարներ և փորձի փոխանակման դասընթացներ է անցկացրել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Կապանի բժշկական կենտրոնում: Ծրագիրն ուղղված էր ռազմական գործողությունների հետևանքով ստացված այրվածքների բուժման արդի մեթոդների և առաջին բուժօգնության կազմակերպման հմտությունների զարգացմանը հայաստանյան բժիշկների շրջանում:
«Գիրքը սահմանին» ծրագիր
Ծրագրի շրջանակում 2024 թվականին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի 13 դպրոցներ ստացել են ընդհանուր առմամբ 671 անուն նոր գիրք: Ծրագիրն իրականացվել է Սյունիքի մարզպետարանի հետ սերտ համագործակցությամբ և Դոնի հայկական երիտասարդական միության կամավորների ակտիվ մասնակցությամբ: Յուրաքանչյուր դպրոցի գրադարան համալրվել է արդիական և որակյալ գրականությամբ, ինչը նպատակ ունի խթանելու ընթերցանությունն ու կրթության որակը սահմանամերձ բնակավայրերում:
«Փոքրիկ հայրենակից» ամառային դպրոց» ծրագիր
2024 թ. հերթական հաջողված նախաձեռնություններից էր «Փոքրիկ հայրենակից» ամառային դպրոցը, որին մասնակցեցին Կապան քաղաքի և հարակից գյուղական համայնքների (Դավիթ Բեկ, Լեռնաձոր, Վարդավան) 27 երեխաներ: Շահառուների թվում էին զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների զավակներն ու Արցախից տեղահանված փոքրիկները: Մեկ շաբաթվա ընթացքում երեխաները հմտացան երգի, պարի, թատերական արվեստի և նկարչության մեջ, ինչպես նաև մասնակցեցին սպորտային միջոցառումների: Ծրագիրն իրականացվեց տեղացի մասնագետների և կամավորների ներգրավմամբ, ինչը նպաստեց նաև մարզային ներուժի արժևորմանը:
«Մենք» առաջնորդության ակումբ ծրագիր
2024 թ. ամռանը «Նոր Նախիջևան» հիմնադրամն իրականացրել է երկփուլանի երիտասարդական ծրագիր.
1․Լրագրության դպրոց. Հայաստանի բուհերի 8 ուսանողներ մասնագիտացված դասընթացներ են անցել Սփյուռքի և հայրենիքի փորձագետների մոտ՝ յուրացնելով տվյալագիտական լրագրության և վերլուծական հոդվածների պատրաստման հմտություններ, որոնք գործնականում կիրառել են ditarkum.info հարթակում:
2․«Մենք և մեր մարտահրավերները. Սփյուռք» ֆորում. Միջոցառումը համախմբել է ԵՊՀ-ի և Դոնի հայկական երիտասարդական միության անդամներին: Երիտասարդ փորձագետները զեկուցումներով անդրադարձել են Սփյուռքի մամուլին, համայնքային կյանքին և Հայաստան-Սփյուռք գործակցության արդի հիմնախնդիրներին՝ ձևավորելով միասնական լուծումների հարթակ:
«Առողջ հայրենակից» ծրագիր
Հիմնադրամն ավարտին հասցրեց «Առողջ հայրենակից» ծրագրի հերթական փուլը, որի շրջանակում համաֆինանսավորում ստացան հինգ հայտատուներ Սյունիքի մարզից։ Ծրագիրն այս տարի ևս առաջնահերթություն է տվել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել անհրաժեշտ վիրահատություններ կամ ձեռք բերել բժշկական հատուկ պարագաներ։
«Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագիր
Ծրագիրը 2024 թվականին հասել է իր տրամաբանական ավարտին։ Սյունիքի մարզի Սյունիք և Ըրկենանց համայնքներում բնակություն հաստատած ևս երկու արցախցի ընտանիք ստացել են գյուղատնտեսական աջակցություն։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 2-ական խոճկոր և 233 կգ անասնակեր։ Ծրագիրն իրականացվել է շղթայական սկզբունքով, որտեղ նոր շահառուներին տրամադրվել են նախորդ շահառուների տնտեսություններից ստացված սերունդները՝ այդպիսով ապահովելով համայնքային փոխօգնություն և կայուն եկամտի աղբյուրներ:
«Կրթված սերունդ» ծրագիր
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, 2024 թ. իրականացրեց «Կրթված սերունդ» ծրագիրը: Շահառուները «Գավառի մանկատան» 9 սաներն էին (17-18 տարեկան), ովքեր պատրաստվում են ինքնուրույն կյանք մտնել: Հիմնադրամի աջակցությամբ նրանք ստացան կարճաժամկետ մասնագիտական կրթություն իրենց նախընտրած ոլորտներում՝ խոհարարություն, վարսահարդարում, դիմահարդարում և կար ու ձև: Ծրագրի նպատակն է երիտասարդներին զինել գործնական հմտություններով՝ աշխատաշուկայում արագ ինտեգրվելու և սեփական ապագան կառուցելու համար:
Հիմնադրամն արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացրեց «Ամանորյա նվեր» սոցիալական ծրագիրը: 2024 թ. դեկտեմբերի 13-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հիմնադրամը հյուրընկալեց 167 երեխաների (զոհվածների, անհայտ կորածների և Արցախից տեղահանվածների ընտանիքներից): Երեխաները դիտեցին տոնական ներկայացում, մասնակցեցին հյուրասիրության և Ձմեռ պապի կողմից ստացան հատուկ պատրաստված նվերների փաթեթներ:
