ՈՒՍՈՒՑԻՉ
«ՈՒՍՈՒՑԻՉ» ծրագիր 2026 (համառոտ նկարագրություն)
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը՝ հավատարիմ իր առաքելությանը՝ աջակցել կրթության զարգացմանը, սկսում է նվիրված ու իրենց մասնագիտական աշխատանքում գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսուցիչներին խրախուսելուն միտված «Ուսուցիչ» ծրագիրը։ Ծրագրի նպատակը ՀՀ՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի առանձին դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատանքն արժևորելն է։ Այդպիսով, Հիմնադրամը փորձում է հարգել և վարձահատույց լինել այն ուսուցիչներին, ովքեր, աշխատելով սահմանամերձ բնակավայրերում, իրենց առաքելությունը պատշաճ են կատարում՝ կրթելով ու ոգեշնչելով նոր սերունդներին։
Ծրագրի շրջանակում մրցանակակիր դարձած ուսուցիչներին կտրվի մեկանգամյա դրամական մրցանակ։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագրին կարող են մասնակցության հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ 155 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ դպրոցների ուսուցիչները, ովքեր փաստացի աշխատում են դպրոցում, ունեն ուսուցչի առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։
Ծրագրին չի կարող մասնակցել նախորդ տարի նույն ծրագրի մրցանակակիր դարձած ուսուցիչը։
Դպրոցների ցանկը հրապարակված է էլ․ հայտում։
Ցանկը պատրաստելիս հիմք են ընդունվել ինչպես ՀՀ կառավարության 17 նոյեմբերի 1998 թ. N 713 (տե՛ս՝ arlis.am/hy/acts/37360 — 29.07.2025) և 18 դեկտեմբերի 2014 թ. N 1444-ն (տե՛ս՝ arlis.am/hy/acts/191017 — 29.07.2025) որոշումները, այնպես էլ՝ Հիմնադրամի սեփական դիտարկումները։
Ո՞ր հայտերն են դիտարկվելու։
• Հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը հունիսի 1-ն է ներառյալ։
• Վերջնաժամկետի օրը լրանալուց հետո Հիմնադրամը դադարեցնելու է հայտերի ընդունումը։
• Դիտարկվելու են այն ուսուցիչների հայտերը, ովքեր մինչև սահմանված վերջնաժամկետը գրանցվել են հայտերի ընդունման էլեկտրոնային հարցարանում և Հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ nornakhijevanhf@gmail.com ուղարկել են սահմանված փաստաթղթերի լուսանկարված (սքան) տարբերակները։
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ուղարկել։
- Մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչները պետք է Հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ nornakhijevanhf@gmail.com զուգահեռ ուղարկեն սահմանված փաստաթղթերի լուսանկարված (սքան) տարբերակները․
- Անձնագիրը /2 էջ/ կամ Նույնականացման քարտը /2 կողմը/,
- տեղեկանք-բնութագիր աշխատանքի վայրից՝ համաձայն կցված ձևի,
- հավելյալ փաստաթղթեր — եթե ուսուցիչը հայտը լրացնելու ժամանակ դրական է պատասխանել «Տարակարգ», «Կոչում», «Հետազոտություն, «Օլիմպիադա», «Կամավոր» գնահատվող հարցերից որևէ մեկին կամ մեկից ավելիին, ապա պետք է տվյալ հարցի մասով հիմնավորող փաստաթղթի սքան տարբերակը ուղարկի Հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ nornakhijevanhf@gmail.com ,
- նախագծային աշխատանքը՝ համաձայն ուղեցույցի,
- անհրաժեշտության դեպքում, Հիմնադրամը կարող է, տվյալների իսկությունը ստուգելու նպատակով, հավելյալ փաստաթղթեր պահանջել։
Ինչպիսի՞ն է մրցույթի կանոնակարգը։
- Դիտարկման մեջ գտնվող հայտերն անցնելու են մրցույթի գործընթաց, ըստ որի․
- Սահմանվում է երեք մրցանակային տեղ։
- Առավելագույն գնահատականը 10 միավոր է, իսկ նվազագույն գնահատականը՝ 7 միավոր է։
- Առաջին մրցանակային տեղի անցողիկ միավորներ՝ 10 — 9։
- Երկրորդ մրցանակային տեղի անցողիկ միավորներ՝ 8։
- Երրորդ մրցանակային տեղի անցողիկ միավորներ՝ 7։
- Գնահատումը իրականացվելու է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրինության կողմից՝ ըստ գնահատման աղյուսակի։
- «Տարակարգ», «Կոչում», «Հետազոտություն», «Օլիմպիադա», «Կամավոր» հարցերի մասով գնահատումն իրականացվում է հայտերի ընդունման ավտոմատասված համակարգի կողմից։ Այս գնահատումը հաստատվում է Հիմնադրամի կողմից միայն այն դեպքում, երբ մասնակից ուսուցիչը Հիմնադրամի էլ․ հասցեին է ուղարկում նշված կետերի մասով դրական պատասխանը հիմնավորող փաստաթղթի սքան տարբերակը։
- «Նախագծային աշխատանք» կետը գնահատվում է Հիմնադրամի կողմից՝ համաձայն գնահատման աղյուսակի չափորոշիչների։
- Առավելագույն միավորներ ստացած յուրաքանչյուր մրցանակային տեղի համար մրցանակակիր կարող է դառնալ մինչև 6 ուսուցիչ՝ ընդհանուր 18 ուսուցիչ։
- Արդյունքները հրապարակվելու են մինչև նոյեմբերի 1-ին Հիմնադրամի կայքում և սոց․ հարթակներում։
Գնահատման աղյուսակ | ||
Չափորոշիչ | Նկարագրություն | Առավելագույն միավոր |
Տարակարգ | Գործող չորս տարակարգերից որևէ մեկը ստացած ուսուցիչ։ | 1 |
Կոչում | «Լավագույն ուսուցիչ» համապետական կոչում ստացած ուսուցիչ։ | 1 |
Հետազոտություն | Գիտական, ուսումնամեթոդական մեկ և ավելի որևէ հետազոտություն իրականացրած և հրապարակած ուսուցիչ։ | 1 |
Օլիմպիադա | Հանրապետական օլիմպիադայից մրցանակակիր աշակերտներ ունեցող ուսուցիչ, եթե առարկան մրցանանակիր աշակերտին դասավանդել է մրցույթին մասնակցող ուսուցիչը։ | 1 |
Կամավոր | Համայնքային կամ հիմնադրամի հասարակական-սոցիալական ծրագրերին որպես կամավոր մասնակցած ուսուցիչ։ | 1 |
Նախագծային աշխատանք | Մասնակից ուսուցչի իրականացրած մեկ նախագծային աշխատանքի գրավոր նկարագրություն մինչև 10000 նշանի սահմանում՝ հետևյալ կետերի շրջանակում․ · Ներածություն o Նպատակ o Խնդիրներ o Աշակերտների ներգրավվածություն o Կիրառական նշանակություն o Դասավանդման մեթոդներ o Նորարարական գործիքների կիրառում · Նախագծայինի հիմնական նկարագրություն · Եզրակացություններ | 1. Նպատակի և խնդիրների լուծում՝ 1 2. Դասավանդման մեթոդներ — 1 3. Նորարարական գործիքների կիրառում – 1 4. Աշակերտների ներգրավվածություն — 1 5. Կիրառական նշանակություն – 1 Ընդհանուր՝ 10 |
Մրցանակաբաշխություն։
Մրցանակաիրներից յուրաքանչյուրը ստանալու է մեկանգամյա դրամական մրցանակ՝
- Առաջին մրցանակային տեղ՝ 100000 ՀՀ դրամ։
- Երկրորդ մրցանակային տեղ՝ 80000 ՀՀ դրամ։
- Երրորդ մրցանակային տեղ՝ 60000 ՀՀ դրամ։
Մրցանակը ստանալու համար մրցանակակիրը Հիմնադրամի կողմից ստանալու է հրավեր՝ մասնակցելու համար Երևանում իրականացվելիք մրցանակաբաշության միջոցառմանը, որին մասնակցելը պարտադիր պայման է։ Հիմնադրամը չի հոգում մասնակցի՝ միջոցառման մասնակցության հետ կապված ծախսերը։ Միջոցառմանը չմասնակցելու դեպքում մրցանակակիրը զրկվում է մրցանակից։
