ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

«Ամանորի նվեր զինվորի զավակին» 2021 թ․ ծրագրի ամփոփում

Դեկտեմբերի 19-ին ամփոփվեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի սոցիալական ուղղվածության հերթական կարևոր ծրագրերից մեկը՝ «Ամանորյա նվեր զինվորի զավակին» սոցիալ-դաստիարակչական ծրագիրը։ 2021 թ․ ծրագրի շրջանակում ընդգրկվեցին Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված 40 հերոս հայորդիների 2-12 տարեկան շուրջ 67 երեխա։ Նրանք ներկայացնում էին Երևանը, Գեղարքունիքը, Կոտայքը, Արարատը, Վայոց  ձորը, Լոռին ու Արցախը։

Փոքրիկները իրենց ուղեկցող մայրիկների կամ ազգականների հետ դեկտեմբերի 19-ին մասնակցեցին ծրագրի շրջանակում նախատեսված համերգային-թատերական ներկայացմանը, որը տեղի ունեցավ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հյուրընկալ պատերի ներքո։ Հիմնադրամի հյուրերը դիտեցին «Ձմեռ պապի գործակալը» խորագիրը կրող ներկայացումը։ Այնուհետև նրանք հանդիպեցին Ձմեռ պապին և Ձյունանուշին։ Վերջիններս իրենց ներկայությամբ համոզիչ դարձնելով ամանորյա հեքիաթի փաստը՝ բոլոր երեխաներին, ըստ սեռի և տարիքային երեք խմբերի (2-4, 5-6, 7-12), հանձնեցին հիմնադրամի պատրաստած նվերների փաթեթները։ Փաթեթները ներառում էին տարբեր խաղալիքներ, նկարչության համար նախատեսված պիտույքներ և քաղցրավենիքի ամանորյա հավաքածու։ 

Հարկ է նշել, որ ծրագրի կազմկարեպչական աշխատանքներին իրենց գործուն մասնակցությունը բերեցին նախապես ընտրված շուրջ 14 կամավորները, ովքեր ներկայացնում էին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները, ինչպես նաև աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի բաժինը։ Լիահույս ենք, որ այս ծրագիրը ևս հետայսու շարունակական բնույթ է կրելու՝ ընդլայնելով մասնակիցների թիվն ու կարգավիճակը։

Ծրագիրը լուսաբանվեց նաև ditarkum.infօ լրատվական-վերլուծական կայքի կողմից։