«Մենք» առաջնորդության դպրոցը մեկնարկեց
Սեպտեմբերի 15-ին Երևանում մեկնարկեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի նախաձեռնած «Մենք» առաջնորդության դպրոցը, որն իր շուրջ համախմբեց երկու տասնյակից ավելի խոստումնալից երիտասարդների Հայաստանի տարբեր բուհերից։ Մասնակիցները ընտրվել են ավելի քան քառասուն հայտերից։
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել երիտասարդների առաջնորդական, հաղորդակցական և մեդիա հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով նրանց միաժամանակ ստանալ թե՛ տեսական գիտելիք, թե՛ գործնական փորձառություն։ Այն նախատեսված է 18–25 տարեկան երիտասարդների համար Հայաստանից և Սփյուռքից։
Հիմնական դասընթացները կանցկացվեն սեպտեմբերի 15–19-ը, իսկ հաջորդ երեք օրերին մասնակիցները ներգրավվելու են գործնական աշխատանքների։ Ծրագրի շրջանակում նրանք նաև կանցնեն եռօրյա պրակտիկա հայկական լրատվամիջոցում, իսկ լավագույնները հնարավորություն կունենան շարունակել վարձատրվող փորձաշրջան։
Բանախոսների շարքում են․
Անի Հովհաննիսյան, «Պատանի առաջնորդների դպրոցի» հիմնադիր, կառավարման մասնագետ՝ Առաքելություն և նպատակների սահմանում, հաղորդակցման հմտություններ։
Միլենա Մկրտչյան, քաղաքագետ, մեդիայի և հանրային կապերի մասնագետ՝ Հաղորդակցությունը՝ երիտասարդ առաջնորդների համար։
Վոլոդյա Գալստյան, iOS ավագ ծրագրավորող, «Ամերիաբանկ» ՓԲԸ՝ Արհեստական բանականության և թվային գործիքների ազդեցությունը լրագրության վրա։
Սոնա Աբունց, SMM մասնագետ, լրագրող՝ SMM գործիքակազմ և մեդիա մարքեթինգ։
Գևորգ Պողոսյան, «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն՝ Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդուն, այլ ԱԲ օգտագործողը փոխարինելու է չօգտագործողին։
Մհեր Հովհաննիսյան, հիմնադրամի տնօրեն, պատմական գիտ․ թեկնածու՝ Հայկական մամուլի ներկա վիճակն ու հեռանկարները, վերլուծական լրագրության և հարցազրույցի արվեստի գաղտնիքները։
Աշոտ Գուգուլյան, Դոնի հայ երիտասարդական միության նախագահ՝ Ժառանգություն, ոչ թե տրավմա․ ինչպես խոսել հայության մասին մեդիայում՝ միավորելու համար։
Առաջին օրն իր խոսքը մասնակիցներին ուղղեց հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ով ընդգծեց ծրագրի առաքելությունը․
««Մենք» առաջնորդության դպրոցը ձևավորվել է հավատով, որ երիտասարդությունը կարող է դառնալ հասարակական փոփոխությունների շարժիչ ուժը։ Մեր նպատակն է ոչ միայն փոխանցել գիտելիք, այլև ստեղծել միջավայր, որտեղ ծնվում են գաղափարներ, ձևավորվում նախաձեռնություններ և աճում պատասխանատվության մշակույթը։ Այս ճանապարհը մենք անցնում ենք միասին՝ մենք որպես հիմնադրամ, դուք՝ որպես ապագա առաջնորդներ»։
Ծրագրի մասնակիցները ներկայացնում են Երևանի Պետական Համալսարանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայ-Ռուսական համալսարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։
«Մենք» առաջնորդության դպրոցը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 22-ը՝ ամփոփվելով մասնակիցների փորձարարական նախագծերով և առաջին արդյունքների ներկայացմամբ։
