ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

«Թանգարան» ծրագիրը մեկնարկեց Եղեգնաձորում

Մեկնարկեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի նոր նախաձեռնությունը՝ «Թանգարան» ծրագիրը։ Այն նպատակ ունի նպաստելու թանգարանների նյութատեխնիկական հագեցվածության և հավաքածուների համալրման շարունակական զարգացմանը։ Ծրագիրն առաջին անգամ իրականացվեց Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում։

2025 թ․ օգոստոսի 15-ին թանգարանում տեղի ունեցավ ծրագրի առաջին ամփոփիչ միջոցառումը։ Ներկա էին հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը, թանգարանի տնօրեն Կարինե Ստեփանյանը, ինչպես նաև թանգարանի և մարզպետարանի աշխատակիցներ։

Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից թանգարանին նվիրաբերվեց 6 գրասալիկ (պլանշետ), որոնք կօգտագործվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ինտեգրման նպատակով։ Դրանց շնորհիվ թանգարանի այցելուները հնարավորություն կունենան դիտելու թանգարանի պատրաստած անիմացիոն ճանաչողական մուլտֆիլմերը և այլ տեսադիտողական նյութեր, որոնք ներկայացնում են ցուցանմուշների պատմությունը։

Հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը, իր շնորհավորական խոսքում նշեց.
««Թանգարան» ծրագրի մեկնարկը խորհրդանշական է, քանի որ այն միավորում է մեր պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Այս առիթով ցանկանում եմ նաև փոխանցել մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի ողջույններն ու լավագույն մաղթանքները»։

Իր հերթին, թանգարանի տնօրեն Կարինե Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար՝ ընդգծելով.
«Այս նվերը մեզ համար ոչ միայն նյութական աջակցություն է, այլև նոր հարթակ՝ մեր թանգարանի հավաքածուն այցելուներին ավելի հետաքրքիր և մատչելի ներկայացնելու համար»։

Այսպիսով, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի «Թանգարան» ծրագիրը առաջին քայլը կատարեց Եղեգնաձորից՝ նպատակ ունենալով ապագայում տարածվել նաև Հայաստանի այլ թանգարաններում։