ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Ամփոփվեցին «Մենք» առաջնորդության դպրոցի 2025 թ․ արդյունքները

Սեպտեմբերի 22-ին ավարտվեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ամենասպասված ու ընդգծված երիտասարդական նախաձեռնություններից մեկը՝ «Մենք» առաջնորդության դպրոցը։ Հինգերորդ տարին շարունակ իրականացվող այս ծրագիրը համարվում է հիմնադրամի Հայաստանում գործող գիտելիքահեն ամենամեծ և առանցքային ծրագիրը, որն ուղղված է երիտասարդների առաջնորդական ներուժի բացահայտմանը, հանրային ներգրավվածությանն ու պատասխանատու քաղաքացիների ձևավորմանը։

Այս տարի ծրագրին մասնակցեցին շուրջ 20 երիտասարդ՝ ընտրված ավելի քան քառասուն հայտերից։ Նրանք ներկայացնում էին Երևանի պետական համալսարանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայ-Ռուսական համալսարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Մասնակիցների շարքում կային պատմաբաններ, լրագրողներ, միջազգայնագետներ, տնտեսագետներ ու լեզվաբան-թարգմանիչ։

Թեև սկզբում ոչ լրագրող մասնակիցների համար թեմատիկ ուղղվածությունը բարդ էր թվում, սակայն գործնական դասընթացների ընթացքում նրանք կարողացան հավասարապես ընդգրկվել աշխատանքներում և լրագրող ուսանողների հետ միասին հաջողությամբ իրականացնել հանձնարարությունները։

Ծրագիրը մեկնարկել էր սեպտեմբերի 15-ին Երևանում՝ համախմբելով մասնակիցներին ինտենսիվ դասընթացների շուրջ։ Հինգ օր շարունակ երիտասարդները մասնակցեցին բանախոսությունների և վարպետաց դասերի, որոնց ընթացքում քննարկվեցին առաջնորդության, հաղորդակցման, մեդիայի և թվային տեխնոլոգիաների դերը ժամանակակից հասարակության մեջ։

Բանախոսների շարքում էին կառավարման և մեդիա ոլորտների փորձագետներ, հասարակական գործիչներ և լրագրողներ, ովքեր երիտասարդներին փոխանցեցին ոչ միայն տեսական գիտելիք, այլև գործնական հմտություններ։ Դասընթացի վերջին երեք օրը մեր մասնակիցները գործնական առաջադրանքներ կատարեցին ծրագրի հետ գործակցող լրատվամիջոցի լրագրողների հետ։

Տնօրեն Մհեր Հովհաննիսյանը փոխանցեց մասնակիցներին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի խոսքը, որում նա շեշտեց դպրոցի կարևոր դերը հիմնադրամի առաքելության համատեքստում․

««Մենք» առաջնորդության դպրոցը մեր համոզմունքի ամենապայծառ արտահայտություններից է․ այն, որ երիտասարդությունը ոչ միայն ապագայի հույսն է, այլև ներկայի շարժիչ ուժը։ Մենք հավատում ենք, որ ներդնելով գիտելիք և փորձառություն՝ կերտում ենք հասարակական պատասխանատու, նախաձեռնող և առաջնորդող սերունդ»։

Ծրագրի ավարտական միջոցառման ժամանակ ամփոփիչ խոսքով հանդես եկավ հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը՝ նշելով․

«Մասնակիցները ևս մեկ անգամ ապացուցեցին հայ երիտասարդի ճկուն միտքն ու զարգացման անսպառ ձգտումը։ Մենք վստահ ենք, որ այս դպրոցի շրջանավարտները կդառնան այն առաջնորդները, ովքեր կձևավորեն ոչ միայն իրենց մասնագիտական համայնքները, այլև հասարակական կյանքի ընթացքը»։

Բոլոր 20 մասնակիցները հիմնադրամի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր։ Նրանցից ութը ընտրվեցին մեր ծրագրի շրջանակում գործակցող լրատվամիջոցի կողմից և պետք է մեկամսյա վճարովի աշխատանքային փորձաշրջան անցնեն խմբագրությունում։ Լավագույնները հնարավորություն կունենան լրատվամիջոցի հետ երկարաժամկետ համագործակցություն հաստատել։