ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԱռողջապահությունՆորություններ

«Առողջ հայրենակից» ծրագիրը Գորիս քաղաքում ապահովել է 127 երեխայի անվճար բուժզննում

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ նպատակային աջակցություն տրամադրելով սահմանամերձ համայնքներին։ Նոյեմբերի 14-ին հիմնադրամի «Առողջ հայրենակից» ծրագագիրը իրականացվել է Գորիսի բժշկական կենտրոնում՝ ընդգրկելով Սյունիքի մարզի Գորիս, Տեղ և Տաթև համայնքների 0-ից 17 տարեկան անչափահաս երեխաներին։ Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ անվճար մասնագիտական բուժզննման է ենթարկվել 127 շահառու։

Ծառայությունները ներառել են մանկաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական, ալերգիկ և գաստրոէնտերոլոգիական խնդիրների շուրջ անհրաժեշտ խորհրդատվություն, ինչպես նաև սոնոգրաֆիա։

Հատկանշական է, որ այս տարի ծրագիրը փոխել է իր ձևաչափը՝ ապահովելով Ադրբեջանի հետ սահմանամերձ ՀՀ մարզերում երեխաների անվճար բուժզննումը։ Ծրագրի հաջող իրականացմանն անշահախնդիր իրենց մասնակցությունն են ցուցաբերել Գորիսի բժշկական կենտրոնը և Երևանից ժամանած յոթ բարձրակարգ մասնագետներ։ Բուժզննումն իրականացրած բժիշկները ներկայացնում էին «Արաբկիր» և «Ուիգմոր» բժշկական կենտրոնները։

Նրանց թվում էին մանկական նյարդաբաններ Բիայնա Սուխուդյանը և Մանե Թադևոսյանը, մանկաբույժներ Էռնեստ Լալայանը («Արաբկիր» ԲԿ) և Հասմիկ Ահարոնյանը («Ուիգմոր» ԲԿ), սոնոգրաֆիստ Ռուբեն Խաչատրյանը, մանկական գաստրոէնտերոլոգ Արմեն Աբրահամյանը և մանկական վիրաբույժ/ուրոլոգ Կարեն Մելքումյանը։ Հատկանշելի է, որ բուժանձնակազմի շարքերում կային նաև Արցախից բռնի տեղահանված մանկական բժշկության փորձառու մասնագետներ։

Միջոցառման արդյունքների վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես է եկել «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը.

«Մեր ծրագրի հիմնական առաքելությունն է թեթևացնել մեր հայրենակցի սոցիալական բեռը։ Այն թույլ է տալիս հեռավոր համայնքների բնակիչներին, մինչև Երևան մասնագիտացված բուժման մեկնելը, նախապես հասկանալ իրենց երեխայի առողջական հիմնական խնդիրները, ստանալ անհրաժեշտ ցուցում և, հնարավորության դեպքում, տեղում լուծում տալ առողջական խնդիրներին։ Միևնույն ժամանակ, մեր սահմաններում ապրող հայրենակիցը տեսնում է, որ իրեն միայնակ չի զգում. սա ոչ թե ձևական, այլ սրտացավ և հասցեական մոտեցում է»։

Հիմնադրամի տնօրենը խորին շնորհակալություն է հայտնել Գորիսի բժշկական կենտրոնին՝ ի դեմս տնօրեն Դավիթ Մաշուրյանի, ինչպես նաև ծրագրին իրենց մասնակցությունը ցուցաբերած ողջ բուժանձնակազմին։ Հատուկ գնահատանք է հայտնվել Երևանից ժամանած յոթ բժիշկներին՝ իրենց անշահախնդիր ու նվիրական մասնագիտական ծառայության համար։

Դատելով ծնողների և բժիշկների դրական արձագանքներից՝ ծրագրի նոր ձևաչափը պահանջված է, և հիմնադրամը մտադիր է հնարավորության սահմաններում ընդլայնել դրա իրականացման աշխարհագրությունը։