ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՄշակույթՆորություններ

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը նվիրաբերեց Հովհաննես Թումանյանի թանգարանին մեծն գրողի 38 անտիպ ձեռագրերը

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը, շարունակելով իր «Թանգարան» ծրագրի շրջանակներում հայ մշակութային ժառանգության պահպանման և համալրման առաքելությունը, նվիրաբերեց «Հովհաննես Թումանյանի թանգարան»-ին անտիպ, բացառիկ նշանակություն ունեցող 38 ձեռագիր փաստաթղթեր։

Հհիմնադրամի «Թանգարան» ծրագիրը նոր ծրագիր է և մեկնարկել է 2025 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի թանգարանային ոլորտին, համալրել հավաքածուները և պահպանել ազգային նշանակության արժեքները։ Եթե ծրագրի առաջին մասնակից էր ընտրվել Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, ապա երկրորդ փուլի շահառուն դարձավ գրական մտքի սրբավայրերից մեկը՝ «Հովհաննես Թումանյանի թանգարան»-ը։ Այս համագործակցությունը կրում է խորը իմաստ, քանզի առնչվում է հայ ժողովրդի հոգևոր ամենամեծ գանձերից մեկին՝ «Սասունցի Դավիթ» էպոսին, որի գրական վերամարմնավորումներից մեկի հեղինակը հենց Ամենայն հայոց բանաստեղծն է։

«Հովհաննես Թումանյանի թանգարանի» ղեկավարությունը գրավոր դիմում էր ներկայացրել հիմնադրամին՝ խնդրելով աջակցել ձեռք բերելու Հովհաննես Թումանյանի կողմից «Սասունցի Դավիթ» պոեմը գրելու ընթացքում օգտագործված բառարանի վրա կատարված անտիպ նշումների և դիտարկումների ձեռագրերը։ Այդ ձեռագրերն, ընդհանուր թվով 38 հատ, տարիներ շարունակ գտնվել էին մասնավոր հավաքածուում, և դրանց ձեռքբերումը կրում էր առաջնային նշանակություն թանգարանի համար՝ ինչպես ցուցադրական, այնպես էլ, հատկապես, հետազոտական առումով։ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը, հաշվի առնելով այդ փաստաթղթերի բացառիկ արժեքը, դրական ընթացք տվեց դիմումին և, համապատասխան գործընթացների արդյունքում, ձեռք բերեց և անհատույց նվիրաբերեց դրանք թանգարանին։

Ձեռագրերի պաշտոնական փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանում, նոյեմբերի 23-ին։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն թանգարանի ներկայացուցիչները, այլ նաև հիմնադրամի «Ուսուցիչ» ծրագրի մրցանակակիր ուսուցիչները։ Սա ավելի խրոհրդանշական դարձրեց ձեռնարկի խորհուրդը։ Միջոցառումը բացեց «Նոր Նախիջևան» հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը։ Իր բացման խոսքում նա կարևորեց ծրագրի մշակութային առաքելությունը, ընդգծելով, որ «մեր ազգային ինքնության հիմքերը մեր մշակույթն ու գրականությունն են, իսկ Թումանյանը՝ նրա առանցքը»։ Պարոն Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց ձեռագրերի ձեռքբերման գործընթացը և ընդգծեց, որ հիմնադրամը պատրաստ է շարունակել ազգային հիշողության և մշակութային գանձերի պահպանմանն ուղղված իրենց ներդրումները։ Բացման խոսքից հետո տեղի ունեցավ ձեռագրերի պաշտոնական փոխանցումը «Հովհաննես Թումանյանի թանգարան»-ի տնօրեն Լուսինե Ղարախանյանին։

Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը իր շնորհակալական խոսքում մեծապես գնահատեց հիմնադրամի կատարած անգնահատելի ներդրումը։ Նա ընդգծեց, որ ձեռագրերի առկայությունը թույլ կտա թումանյանագետներին նորովի դիտարկել և վերլուծել պոեմի ստեղծման ողջ գործընթացը, ինչպես նաև Թումանյանի բանասիրական մեթոդները։ Որպես երախտագիտության նշան՝ Լուսինե Ղարախանյանը փոխանցեց Մհեր հովհաննիսյանին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմայանին ուղղված թանգարանի շնորհակալագիրը։ Միջոցառումը եզրափակվեց համատեղ քննարկումներով, որոնց ընթացքում թանգարանային և հիմնադրամի ներկայացուցիչները քննարկեցին «Թանգարան» ծրագրի հեռանկարները։

Պատմական ակնարկի կարիք կա, որպեսզի ավելի խորքային պատկերացում կազմվի այս ձեռագրերի նշանակության մասին։ Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմն առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրի տարբեր համարներում, 1903 թվականին։ Մեծ գրողը, ցուցաբերելով գիտական ճշգրտություն, նշում է, որ պոեմը կազմելիս օգտվել է հետևյալ տարբերակներից․ « 1. Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, Սրվանձտյանի. Կ. Պոլիս, 1874, 2. Դավիթ և Մհեր. Մ. Աբեղյան. Շուշի, 1889, 3. Սասնա ծռեր. Գարեգին սարկավագ. Թիֆլիս, 1892, 4. Սասնա փահլևաններ կամ Թլոր Դավիթ և Մհեր. Բ. Խալաթյան, Վաղարշապատ, 1899»։ Առաջին հրապարակումից հետո հեղինակի կենդանության ժամանակ պոեմն ունեցել է ևս յոթ տպագրություն՝ ենթարկվելով կառուցվածքային և ոճական որոշակի փոփոխությունների։ Այս ինտենսիվ աշխատանքի ընթացքում էլ Թումանյանը կատարել է նշումներ և դիտարկումներ էպոսի բառարանից, որոնք մինչ օրս հայտնի չէին լայն հանրությանը և մասնագիտական շրջանակներին։

Այս ձեռագրերի ձեռքբերումը ոչ միայն համալրում է թանգարանի ֆոնդերը, այլև կարևոր հետազոտական նշանակություն ունի թումանյանագիտության համար։ Դրանք թույլ կտան բանասերներին և գրականագետներին ավելի խորությամբ ուսումնասիրել, թե ինչպես է Հովհաննես Թումանյանը մշակել և զտել ժողովրդական վարիանտները՝ ստեղծելով էպոսի իր գեղարվեստական կատարյալ տարբերակը։   

Այսպիսով, մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մարդասիրական առաքելությունը չի սահմանափակվում միայն սոցիալական խնդիրներով, այլև ընդգրկում է ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանումը, որը հայ ժողովրդի կենսունակության հիմքն է։