ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Ծաղկաձորում անցկացվեց «Մենք» առաջնորդության դպրոցի 2026 թ․ ծրագիրը

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամն սեպտեմբերի 26-27-ը Ծաղկաձորում անցկացրել է «Մենք» առաջնորդության դպրոցի 2026 թվականի «Պատմություն» բաղադրիչով երկօրյա ինտենսիվ սեմինար-ծրագիրը։ Այս տարի ծրագրին մասնակցելու համար Ծաղկաձորի համալսարանական հանգստյան տանը համախմբվել են ԵՊՀ և ՀՊՄՀ պատմության ֆակուլտետների բակալավրիատի առաջին կուրսի 25 ուսանողներ, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերի դպրոցների 12-րդ դասարաններում սովորող 11 աշակերտներ։

Ծրագրի հիմնական նպատակն է ձևավորել մասնակիցների մոտ պատմական հետազոտություն իրականացնելու բազային կարողություններ, տրամադրել մեթոդաբանական հիմքեր, այդ թվում՝ տեքստի վերլուծություն և աղբյուրագիտական քննադատություն, ինչպես նաև խթանել միջգիտակարգային կապերը և ստեղծել մասնագիտական կայուն համայնք՝ աշակերտների, ուսանողների և դասախոսների անմիջական շփման միջոցով։

Ծրագրի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունել է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը՝ փոխանցելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքը։  Հովհաննիսյանը նշեց, որ հանձնառությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի կամուրջ հանդիսանալ դպրոցական նկարագրական պատմությունից դեպի բուհական քննադատական մտածողություն։ Նա միաժամանակ հատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ և ՀՊՄՀ պատմության ֆակուլտետներին՝ ի դեմս դեկաններ Մխիթար Գաբրիելյանի և Էդգար Հովհաննիսյանի՝ ծրագրի կազմակերպչական փուլում ցուցաբերած գործընկերային անաչառ մոտեցման և արդյունավետ համագործակցության համար

Սեմինարի առաջին օրը՝ սեպտեմբերի 26-ին, մասնակիցները լսել են մի շարք մասնագիտական բանախոսություններ։ Պ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը հանդես է եկել «Մարդը պատմության մեջ և մշակույթի հայելում. հնագիտության, ազգագրության և մարդաբանության սահմաններում» թեմայով։ Ողջունելով բոլոր մասնակիցներին՝ պարոն Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամին՝ պատմագիտական ոլորտին և երիտասարդ հետազոտողների մասնագիտական կայացմանն այս կերպ հետևողականորեն աջակցելու համար»: Իր խոսքում Պատմության հայցորդ Սիրանուշ Բաղումյանը ներկայացրել է «Ապագա պատմաբանի ուղին. ուսանողական համայնքն ու մասնագիտական միջավայրը բուհում» զեկույցը։ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ղեկավարի պարտականությունները կատարող Մարիամ Օհանյանը խոսել է «Թանգարանային ժառանգությունը և պատմական հիշողության պահպանության արդի մարտահրավերներ»-ից, իսկ պ.գ.թ., դոցենտ Մհեր Հովհաննիսյանը ներկայացրել է «Պատմաբանի մասնագիտական ուղին. դպրոցական կարծրատիպերից մինչև գիտական քննադատական մտածողություն և հետազոտության պլանավորում» թեման։ Առաջին օրն ավարտվել է մասնակիցների, բանախոսների և հիմնադրամի ներկայացուցիչների բաց քննարկմամբ։

Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, մասնակիցներն այցելել են Օրբելի եղբայրների թանգարան և Կեչառիսի վանական համալիր։ Թանգարանում տեղի է ունեցել նաև հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի շրջանակում թանգարանին գույքի հանձնման արարողություն։ Այնուհետև պ.գ.թ., դոցենտ Հայկ Մխոյանը ներկայացրել է «Հայաստանը և հարակից երկրները տարածաշրջանային զարգացումների համատեքստում. պատմական փոխազդեցությունների քննական հայացք» դասախոսությունը։

Ծրագիրն ամփոփվել է «Ի՞նչ տվեց դասախոսությունը, ի՞նչ անել հետո» խորագրով քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր, իսկ կամավորներին և չորս բանախոսներին՝ շնորհակալագրեր։ Նշենք, որ մասնակիցների կեցության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան փոխադրման բոլոր ծախսերը հոգացել է հիմնադրամը, իսկ կազմակերպչական աշխատանքներին աջակցել են հիմնադրամի կամավորները։

«Մենք» առաջնորդության դպրոցի այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է դպրոցական նկարագրական պատմությունից դեպի բուհական քննադատական մտածողություն անցնելու ճանապարհին։ Հիմնադրամի հետևողական աջակցությունը ոչ միայն հոգում է մասնակիցների կազմակերպչական կարիքները, այլև ոչ ֆորմալ կրթության միջոցով ամուր հիմքեր է ստեղծում հայրենի երիտասարդության պատմագիտական աճի, մասնագիտական կայացման և հայ պատմագիտության շարունակական զարգացման համար։