ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՄշակույթՆորություններ

«Մշակույթ» ծրագրի առաջին աջակցությունը փոխանցվեց Օրբելի եղբայրների տուն-թանգարանին

2026 թվականի սեպտեմբերի 27-ին Ծաղկաձորում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Օրբելի եղբայրների տուն-թանգարան՝ հանձնելով «Մշակույթ» ծրագրի շրջանակում հայցված տեխնիկական աջակցությունը: Օրբելի եղբայրների տուն-թանգարանը հանդիսանում է առաջին հաստատությունը, որն արձագանքել էր հիմնադրամի կողմից ավելի վաղ հայտարարված «Մշակույթ» ծրագրին և ստացել հայտով նախատեսված աջակցությունը:

Սույն նախաձեռնությունը 2025 թվականին իրականացված «Թանգարան» ծրագրի շարունակությունն է․ եթե նախորդ տարի աջակցությունը տրամադրվում էր միայն թանգարաններին,ապա այս տարի ծրագրում ընդգրկված են նաև թատրոնները, արվեստի և երաժշտական դպրոցները, գեղագիտական կենտրոնները, մանկապատանեկան ստեղծագործական օջախներն ու գրադարանները:

Այցելության շրջանակներում Օրբելի եղբայրների տուն-թանգարանին փոխանցվեց երկու ժամանակակից հեռուստացույց և համապատասխան հենակներ, որոնք անհրաժեշտ էին ցուցադրությունների մուլտիմեդիոն հագեցվածությունն ապահովելու համար: Հատկանշական է, որ նվիրաբերության արարողությանը միացան նաև հիմնադրամի մեկ այլ նախագծի՝ «Մենք» առաջնորդության դպրոցի մասնակիցներն ու բանախոսները: Միջոցառման ընթացքում Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ղեկավարի պարտականությունները կատարող Մարիամ Օհանյանը, ընդունելով տեխնիկական միջոցները, իր շնորհակալությունը հայտնեց հիմնադրամին և նշեց, որ տրամադրված սարքավորումները կսպասարկեն թանգարանի այցելուներին՝ Օրբելի եղբայրների գիտական ժառանգությունն առավել ակնառու ներկայացնելու համար:

Ծրագրի պայմաններին, դիմելու կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ «Մշակույթ» ծրագրի պաշտոնական տեքստում: Ծրագիրը շարունակում է գործել մինչև նախատեսված միջոցների սահմանաչափին հասնելը:

Միջոցառման ընթացքում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը հանձնելով նվիրաբերվող տեխնիկական միջոցները՝ հանդես եկավ շնորհավորական ուղերձով. ««Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի և մեր ողջ թիմի անունից ուրախ եմ հանձնել «Մշակույթ» ծրագրով նախատեսված առաջին աջակցությունը: Մեր նպատակն է հիմնադրամի համեստ հնարավորությունների սահմաններում աջակից լինել հայրենի մշակութային ու կրթական օջախներին՝ օգնելով լուծել գուցե ոչ մեծ, բայց նրանց առօրյա գործունեության և այցելուների պատշաճ սպասարկման համար կարևոր խնդիրներ: Կարելի է ասել, որ այսօր մեկնարկում է ծրագրի գործնական փուլը։ Այն շարունակվելու է մինչև նախատեսված միջոցների սահմանաչափին հասնելը, և մենք սիրով սպասում ենք մեր մյուս հաստատությունների հայտերին»:

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հրավիրում է Հանրապետության համապատասխան հաստատություններին ներկայացնել իրենց հայտերը «Մշակույթ» ծրագրի շրջանակներում: