ՄՇԱԿՈՒՅԹ
«ՄՇԱԿՈՒՅԹ» ծրագիր 2026 (համառոտ նկարագրություն)
Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և համայնքային թանգարանները, թատրոնները, արվեստի դպրոցները, երաժշտական դպրոցները, գեղագիտական ազգային կենտրոնները, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններն ու գրադարանները մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման և սերունդների կրթման կարևորագույն օջախներն են։ Ժամանակակից պահանջներին համապատասխան, որակյալ կրթական ու մշակութային գործընթաց և այցելուների ու սաների համար առավել գրավիչ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ է նրանց նյութատեխնիկական հագեցվածության, ուսումնական գույքի և հավաքածուների համալրման շարունակական զարգացում։ Այս նպատակի իրագործմանն աջակցելու համար «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) նախաձեռնում է «Մշակույթ» ծրագիրը, որի շրջանակում նշված հաստատություններին կտրամադրվի նպատակային աջակցություն՝ թանգարանային նշանակության առարկաների, հավաքածուների, ուսումնական գույքի, ինչպես նաև տեխնիկական միջոցների ապահովման նպատակով։
Ո՞ւմ համար է ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված է բացառապես Հայաստանի Հանրապետությունում գործող պետական կամ համայնքային հետևյալ հաստատությունների համար․
• Թանգարաններ
• Թատրոններ
• Արվեստի դպրոցներ
• Երաժշտական դպրոցներ
• Գեղագիտական ազգային կենտրոններ
• Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ
• Գրադարաններ
Դիմումների ներկայացում։
Ծրագրին մասնակցելու համար համապատասխան հաստատությունները հիմնադրամի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ nornakhijevanhf@gmail.com ուղարկում են հիմնավորող գրություն (ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԱՆՄՈՒՇ), որը պետք է պարունակի․
- Նկարագրություն նախատեսվող ձեռքբերման կամ տեխնիկական/նյութական հագեցվածության կարիքի մասին։
- Տվյալ առարկայի, գույքի կամ սարքավորման նշանակության և անհրաժեշտության հիմնավորում։
- Նախնական հաշվարկով արժեքի տեղեկատվություն։
- Նախատեսվող ազդեցությունը հաստատության գործունեության, սաների կրթության որակի և այցելուների համար։
Դիմումների ուսումնասիրություն և ընտրություն։
Հիմնադրամն ուսումնասիրում է ներկայացված դիմումները և կատարում ընտրություն՝ հաշվի առնելով ծրագրի նպատակներին առավելագույնս համապատասխանող և հիմնավորված հայտերը։ Հայտերի գնահատման հավասար պայմանների դեպքում նախապատվությունը կտրվի ՀՀ մարզերում գործող հաստատություններին։ Սահմանված գումարի չափով գույք ձեռք բերելուց հետո հայտեր այլևս չեն ընդունվում։
Ընտրված հաստատությունները տեղեկացվում են էլեկտրոնային փոստով։
Գնումների իրականացում և գույքի փոխանցում։
Ծրագրի շրջանակում մշակութային/թանգարանային նշանակության առարկաների, ուսումնական գույքի և տեխնիկական միջոցների ձեռքբերման համար նախատեսվող ծրագրի ընդհանուր ֆինանսական աջակցությունը չի կարող գերազանցել 1 մլն ՀՀ դրամը, ընդ որում՝ մեկ շահառուին տրամադրվող գումարը չպետք է գերազանցի 500 000 ՀՀ դրամը։ Ձեռքբերված գույքը հանձնվում է հաստատությանը «Հանձնման-ընդունման ակտ»-ի ստորագրմամբ։ Հիմնադրամը, ըստ անհրաժեշտության և պայմանավորվածության, կարող է ինչպես ինքնուրույն կատարել պահանջվող ապրանքի կամ տեխնիկական միջոցի գնումը, այնպես էլ փոխանցել համապատասխան գումարը հաստատությանը՝ դրա ձեռքբերման նպատակով։
