Գիրքը սահմանին
«ԳԻՐՔԸ ՍԱՀՄԱՆԻՆ» ծրագիր 2025 (համառոտ նկարագրություն)
Հայ դպրոցը մշտապես եղել է մեր հանրության ապագայի շարժիչ ուժը։ Նրա ներուժը՝ հայ աշակերտն ու ուսուցիչը, պատշաճ կրթական որակ և բազմակողմանի զարգացում ապահովելու համար կարիք ունեն նոր գիտելիքների։ Այդ հարցում կարևոր դեր է խաղում հայկական պատմության, մասնավորապես՝ հայկական համայնքների պատմության ու մշակույթի ճանաչումը։ Այս առումով առավել կարևորվում է սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում կրթական ու մշակութային ակտիվության ապահովումը, աշակերտների շրջանում քննադատական մտածողության, թիմային աշխատանքի և վերլուծական հմտությունների զարգացումը։ Ուստի կարևորելով մեր մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի կրթական կյանքի զարգացմանը՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Գիրքը սահմանին» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է խթանել դպրոցականների հետաքրքրությունն ու իրազեկությունը հայ համայնքների պատմության և մշակույթի նկատմամբ։ Արդյունքում, ծրագրին մասնակցող սահմանամերձ դպրոցները կխրախուսվեն արժեքավոր գրքերի փաթեթներով, իսկ մրցանակակիր դպրոցների թիմերը՝ դյուրակիր համակարգիչներով, իրենց գրադարանային ֆոնդերը համալրելու համար։
Ծրագիրը նախատեսված է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի դպրոցների համար։ Ծրագիրը ենթադրում է հետևյալ փուլերը․
Ծրագրի ներկայացում և հայտերի ընդունում։
Հիմնադրամն իր պաշտոնական կայքում, սոց․ ցանցերի հասանելի էջերում հրապարակում է ծրագրի և մրցույթի մասին հայտարարությունը։ Դպրոցները լրացնում և հիմնադրամին (էլ․ փոստով) ուղարկում են մասնակցության հայտերը մինչև սահմանված ժամկետը։ Մրցույթին մասնակցելու են Կապան համայնքի այն դպրոցները, որոնք էլ․ փոստի միջոցով հիմնադրամին կուղարկեն մասնակցության հայտ։ Այդ դպրոցներից յուրաքանչյուրը հանդես է գալու մեկական թիմով (7-8-րդ դասարանների 3 հիմնական մասնակից աշակերտներ և 1 պատասխանատու ուսուցիչ)։
Նախապատրաստական աշխատանքներ և գրականության տրամադրում։
Մրցույթի թեմատիկան նվիրված է «Նոր Նախիջևան» հայկական համայնքի պատմությանը և մշակույթին։ Հարցաշարը կազմվելու է բացառապես հասանելի բաց գիտաճանաչողական աղբյուրների հիման վրա։ Հարցաշարի հիմնական թեմաների տեքստը նախապես տրամադրվելու է մասնակից թիմերին՝ պատշաճ նախապատրաստվելու համար։
Մրցույթի անցկացում։
Մրցույթն իրականացվելու է Կապան քաղաքում (համապատասխան վայրը, օրը և ժամը նախապես ուղարկվելու է մասնակից թիմերի ներկայացուցիչներին):
- Տեսակը․ բլից ինտելեկտուալ խաղ-մրցույթ։
- Ձևաչափը․ հարց ու պատասխանի ռաունդներ՝ թեմատիկ բաժանումով։
Արդյունքների ամփոփում և մրցանակների հանձնում։
Մրցույթի ավարտին ամփոփվում են արդյունքները և տեղի է ունենում մրցանակաբաշխություն․
- Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերի դպրոցներին կտրամադրվեն դյուրակիր համակարգիչներ և գրքերի փաթեթներ՝ գրադարանային ֆոնդի համալրման համար։
- Մրցույթին մասնակցած բոլոր թիմերը կստանան խրախուսիչ մրցանակներ՝ գրքերի փաթեթներ։
