ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

«Փոքրիկ հայրենակից» հինգերորդ հոբելյանական ծրագիրը՝ հանուն սահմանամերձ համայնքի երեխաների կրթության և մշակութային զարգացման

2026 թվականի հուլիսի 17-ից 23-ը սահմանամերձ Սյունիքի մարզի Կապան համայնքում իրականացվեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի «Փոքրիկ հայրենակից» ծրագիրը, որն այս տարի նշում էր մեկնարկի հինգերորդ հոբելյանական տարին։ Նախաձեռնությունը նպատակաուղղված էր սահմանամերձ բնակավայրերում ապրող 4-6-րդ դասարանցի 60 երեխաների ամառային արձակուրդները հագեցնելու մշակութային, գեղարվեստական ու կրթական արժեքավոր գիտելիքներով, ինչպես նաև ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերն ու սոցիալական հոգածությունը։

«Փոքրիկ հայրենակից» ծրագիրը տարիների ընթացքում ձևավորել է բարձր վստահություն և մեծ համբավ Սյունիքի մարզի Կապան համայնքի աշակերտության ու ծնողական համայնքի շրջանում։ Դրա վառ վկայությունն է այն փաստը, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ մասնակցության հայտերի սահմանված 60 տեղը լրանում է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Ծրագրին մասնակցելու առաջնահերթությունը սահմանված կարգով տրվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների զավակներին, 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին, ինչպես նաև բազմազավակ (երեք և ավելի երեխա ունեցող) ընտանիքների աշակերտներին։

Այս տարի ծրագրի կրթական ցանկն ու մասնագիտական կազմը կրել էին էական թարմացումներ։ Դասվարների շարքերը համալրել էին թատրոնի, պարի և կերպարվեստի նոր մասնագետներ։ Առաջին անգամ ծրագրում ներառվել էին ֆոտոարվեստի դասընթացներ, որոնց ընթացքում երեխաները ծանոթացան տեսանկարահանող սարքավորումների հետ աշխատելու տարրական հմտություններին։ Հատկանշական է, որ թե՛ թատերական արվեստի և թե՛ ֆոտոյի դասընթացների մասնագետներն իրենց աշխատանքն իրականացրել են բացառապես կամավորության սկզբունքով։

Յոթօրյա ճամբարի ընթացքում կրթական հիմնական ծրագրին զուգահեռ անցկացվեցին բազմաթիվ հավելյալ միջոցառումներ, այդ թվում՝ ջութակի ներկայացման դաս և ճանաչողական այց։ Մասնակիցները հյուրընկալվեցին Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը երեխաներին ներկայացրեց բեմականացման հետաքրքրաշարժ ընթացքն ու թատերական կյանքի ետնաբեմը։

Ծրագրի հաջողության գործում նշանակալի դերակատարում ունեցան Կապանից ներգրավված կամավորները, որոնցից շատերն արդեն մի քանի տարի է, ինչ գործակցում են մեր հիմնադրամի հետ։ Այս տարի ևս մեզ միացան Դոնի Նախիջևանի հայ համայնքից ժամանած «Դոնի հայ երիտասարդների միության» (ԴՀԵՄ) ներկայացուցիչները։ Մեր երեք սփյուռքահայ կամավորները, դառնալով ջոկատավարներ, իրենց ակտիվ մասնակցությամբ ծրագիրը վերածեցին Հայաստան-Սփյուռք գործնական ու հայրենանվեր համագործակցության յուրօրինակ հարթակի։

Հուլիսի 23-ին կայացած փակման տոնական արարողության ընթացքում սաները հանդես եկան ամփոփիչ ելույթներով․ ցուցադրեցին ազգային պարեր, կամավորների աջակցությամբ պատրաստած երաժշտական կատարումներ և թատերական բեմադրություններ՝ ի ցույց դնելով կարճ ժամանակահատվածում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Միջոցառման երկրորդ կեսին կազմակերպվեց տոնական հյուրասիրություն, որի ընթացքում ծրագրի կամավորներին հանձնվեցին պատվոգրեր, իսկ մասնակից երեխաները ստացան ֆոտոարվեստի դասերի ժամանակ իրենց իսկ կողմից արված լուսանկարների օրինակները։

Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ 5 տարիների արդյունքում «Փոքրիկ հայրենակից» ծրագիրը կարողացել է ձեռք բերել կարևոր սոցիալ-մշակութային նշանակություն սահմանամերձ շրջանների զարգացման համատեքստում։ Այն մի կողմից փորձում է լուծել սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների արտադպրոցական կրթության, արվեստի ու սպորտի հետ հաղորդակցման խնդիրը, մյուս կողմից՝ խրախուսում է մարզային բնակավայրերում ներգրավված մասնագետների ու կամավորների սոցիալական ակտիվությունը։

Ամփոփիչ արարողության ժամանակ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց.

««Փոքրիկ հայրենակից» ծրագիրը պարզապես ամառային դասընթացների շարք չէ․ այն հոգատարության, ջերմության և ազգային արժեքների շուրջ սերունդներին համախմբող կամուրջ է։ Սահմանամերձ Կապանում ապրող մեր երեխաների աչքերում տեսնելով անկեղծ ժպիտն ու գիտելիքի հանդեպ ձգտումը՝ մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը․ կանգնել սահմանամերձ համայնքների կողքին, ներդրում անել մեր ապագայի մեջ և ամրապնդել Հայաստան-Սփյուռք անխզելի կապը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում ծնողներին՝ անսահման վստահության համար, և մեր բոլոր գործընկերներին ու կամավորներին՝ նվիրումով լեցուն աշխատանքի համար»։

Մհեր Հովհաննիսյանը ներկաներին փոխանցեց նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի ողջույնի ուղերձը։ Հատուկ երախտագիտություն հայտնվեց Սյունիքի մարզպետի աշխատակազմին, Կապանի համայնքապետարանին, Կապանի արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանին, մարզադպրոցի տնօրեն Թևան Գևորգյանին և թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանին՝ ցուցաբերած աջակցության համար։

«Փոքրիկ հայրենակից» ծրագիրը հերթական անգամ ապացուցեց իր կենսունակությունը՝ սահմանամերձ գոտում ձևավորելով մշակութային-կրթական հարուստ միջավայր։ Այն ոչ միայն նպաստեց 60 պատանիների գեղագիտական դաստիարակությանն ու աշխարհայացքի ընդլայնմանը, այլև ծանոթացրեց նրանց Դոնի Նախիջևանի հայկական համայնքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը մտադիր է շարունակել և ընդլայնել նմանատիպ նախաձեռնությունները՝ ստեղծելով նոր հնարավորություններ Հայաստանի և Սփյուռքի երիտասարդության համատեղ հայրենանվեր ծրագրերի իրականացման համար։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով