ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Միասին աջակցենք․ Արցախ ծրագրի առաջին քայլերը​

Պարտադրված արտագաղթի պատճառով Արցախի մեր հայրենակիցներից շատերը հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Նրանց աջակցելու նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հրապարակել էր «Արցախ» սոցիալական ծրագիրը։

Ծրագիրը նապխատեսում է առաջնահերթ աջակցություն ցուցաբերել արտագաղթի ճանապարհը բռնած ու Հայաստանի Հանրապետության մարզերում, առաջնահերթությամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերում, հաստատված Արցախի մեր հայրենակիցներին։

Ուրախությամբ պետք է հայտնենք, որ առաջին դրական արձագանքները չուշացան։ Մեր հիմնադրամի հավատարիմ բարեկամ «Դոնի Նոր Նախիջևան» հայկական համայնքը ստանձնեց ֆինանսական աջակցության ծանր բեռը։ Մենք երախտապարտ ենք համայնքի բոլոր այն անդամներրին, ովքեր մեծ նվիրումով և մեր գործունեության հանդեպ ունեցած խորը վստահությամբ այս դժվարին պայմաններում իրենց միջոցներն են տրամադրել և շարունակում տրամադրել հիմնադրամին անհրաժեշտ աշխատանքն իրականացնելու նպատակով։

Ծրագրի առաջին բաղադրիչն արդեն իրականացման ընթացքի մեջ է։

  • «Առողջ հայրենակից» ծրագիրը նպատակ ունի աջակցել Արցախից արտագաղթած և պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորված մեր հայրենակիցներին մինչև 500000 ՀՀ դրամի սահմաններում վիրահա­տության, այդ ընթացքում բուժման նպատակով դեղորայքների, հետվիրահատական վերականգնման կամ անհրաժեշտ օրգանի արհեստական փոխարինիչի, պրոտեզների ձեռք բերման հարցում։

Այս ուղղությամբ արդեն իրականացվել է առաջին աջակցությունը։ Վառելիքի պահեստի հայտնի պայթունի հետևանքով այրվածքներ ստացած մեր հայրենակիցներից մեկի համար անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցների ձեռբերման նպատակով մեր հիմնադրամը նվիրաբերել է 500000 դրամի չափով գումար Ուիգմոր Քլինիք բժշկական կենտրոնին։

1-7-րդ դասարաններում սովորող աշակերտներին նվիրաբերվող պայուսակներն ու գրենական պիտույքները։
  • «Սահմանի աշակերտի կողքին» ծրագիրը նպատակ ունի նվիրաբերելու Արցախից արտագաղթած ու Հայաստանի Հանրապետության մարզեր, առաջնահեր­դու­թյամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի, բնակավայրե­րում հաստատված ընտանիքների դպրոց հաճախող մինչև 800 երեխաների դպրո­ցա­կան պայուսակների և գրենական պիտույքների փաթեթների տրամադրման հարցում։

Այս ուղղությամբ արդեն ավարտվել են նախապատրաստական աշխատանքները։ Ձեռք են բերվել 1-12-րդ դասարաններում սովորող շուրջ 800 աշակերտի համար նախատեսված դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։ Հայտնի են նաև առաջին ուղղությունները․ դեպի Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու մարզեր։

8-12-րդ դասարաններում սովորող աշակերտներին նվիրաբերվող պայուսակներն ու գրենական պիտույքները։
  • «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագրի շրջանակում Արցախից տեղահանված և Սյունիքի մարզի Կապան քաղաքի սահմանամերձ գյուղերում բնակություն հաստատած մինչև 10 ընտանիքների երկուական խոճկոր և 5 ամսվա կեր է տրամադրվելու։

Այս ուղղությամբ Կապանի համայնքապետարանի հետ համատեղ արդեն իրականացվում է ծրագրին մասնակցել ցանկացող գյուղացիների ընտրության գործընթացը։ 

  • «Արցախ» ծրագրի հիմնական նախաձեռնությունը իր մասշտաբներով ամենամեծն է։ Մեր աջակցությունը կօգնի Արցախից տեղահանված շուրջ 1000 ընտանիքի էապես թեթևացնել սննդի և  հիգիենայի հետ կապված ծախսերը։ 

Այս ուղղությամբ հիմնադրամը նախատեսում է մեկ ընտանիքի չափով նվիրաբերել մինչև 30 կգ ընդհանուր քաշով շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ, ոսպ, ոլոռ, հնդկաձավար, 25 կգ չափով բարձր կարգի ալյուր, 5 լ արևածաղիկի ձեթ, 10 կգ չափով լվացքի փոշի, 5լ շամպուն։ Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 75 տոննայի չափով հիշված անուն ապրանք։

Արցախից տեղահանված մեր ծրագրերի իրականացման հարցում անգնահատելի աշխատանք են իրականացնում մեր կամավորները։ Նրանց են միացել Դոնի Հայ Երիտասարդաց Միության որոշ անդամներ։ 

Հարկ է նշել, որ հիմնադրամի կառավարման խորհուրդը՝ գլխավորությամբ Հարություն Սուրմալյանի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի հետ միասին իրավիճակի շարունակական վերլուծության արդյունքում շարունակելու են, հնարավորության սահմաններում, ավելացնել աջակցության չափերը, ինչպես նաև ավելացվելու են աջակցության նոր ուղղություններ։