ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՄամուլիցՆորություններ

«Սյունյաց երկիր» թերթի անդրադարձը 2021 թ․«Գիրքը սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերին

«Սյունյաց երկիր» թերթի անդրադարձը 2021 թ․«Գիրքը սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերին

Թերթը 2021 թ․ օգոստոսի 23-ին անդրադարձավ հիմնադրամի 2021 թ․ «Գիրքը սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերին ««Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի անակնկալը սահմանամերձ բնակավայրերի աշակերտներին» խորագիրը կրող հոդվածով։

Թերթը գրում է․

«Այսօր՝ օգոստոսի 23-ին, Կապանի մշակույթի կենտրոնում Կապան խոշորացված համայնքի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների տարրական դասարանների շուրջ յոթ տասնյակ աշակերտների համար «Նոր Նախիջեւան»  մարդասիրական հիմնադրամը փոքրիկ համերգ էր կազմակերպել:

Համերգային ծրագրում ազգային ու ժամանակակից պարեր էին, Կապանին ու Հայաստանին նվիրված երգեր:

Բայց փոքրիկներն անհամբերությունը թաքցնել չէին կարողանում. կողքիս նստած 7-ամյա Սուսաննան շրջվում է դեպի ինձ. «Նվերներն ո՞ւշ են  տալու, ասել են՝ պայուսակներ ենք ստանալու»:

Համերգն ավարտվեց «Նոր Նախիջեւան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի ելույթով:

–Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ ներկա եք այս փոքրիկ միջոցառմանը: «Նոր Նախիջեւան» մարդասիրական հիմնադրամը շարունակում է մնալ սահմանի  բնակչի կողքին: Մեզ համար ե՛ւ մեծ պատիվ է, ե՛ւ մեծ պատասխանատվություն նոր ուսումնական տարվան ընդառաջ ձեր կողքին լինել: Կցանկանայի փոխանցել մեր հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները. Հարություն Սուրմալյանը մարդ է, ով այս ամենի գլխավոր աջակիցն է: Մեր ծրագրերում իրենց ներդրումն են ունեցել նաեւ Կանադայի եւ Դուբայի մեր հայրենակիցները: Ցանկանում եմ շնորհակալությունս  հայտնել Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին, ով աջակցել է մեզ կազմակերպչական բոլոր հարցերում, – ասաց Մհեր Հովհաննիսյանը:

Այնուհետեւ նա բեմ հրավիրեց դպրոցի տնօրեններին եւ աշակերտներին:

Աշակերտները մոտենում էին կազմակերպիչներին ու ստանում իրենց համար նախատեսված պայուսակը:

Տնօրենները եւս ձեռնունայն չհեռացան՝ հիմնադրամը դպրոցների համար գեղարվեստական գրականության կապոցներ էր պատրաստել:

Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ հայրենիքը սահմանից է սկսվում, եւ ողջունելի է, որ այս իրավիճակում կազմակերպությունները կանգնում են սահմանային բնակավայրի բնակչի ու երեխայի կողքին:

Ելքի մոտ հանդիպեցի կողքիս նստած 7-ամյա Սուսաննային. այս անգամ դեմքին գոհունակ ժպիտ էր…

Տիգրանուհի Բադալյան»

Նյութը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։