ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

«Հայագիտությունը Նոր Նախիջևանում» ծրագրի ամփոփում

«Հայագիտությունը Նոր Նախիջևանում» ծրագրի ամփոփում

«Հայագիտությունը Նոր Նախիջևանում» ծրագրի շրջանակում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հյուրընկալել էր Հարավային դաշնային համալսարանի Սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի տնօրեն, ս․գ․թ․ Անդրեյ Բեդրիկին և նույն ինստիտուտի հայագիտական կենտրոնի ղեկավար, պ․գ․թ․, Դոնի Ռոստովի հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովին։ Վերջինս նաև հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Անդրեյ Բեդրիկ
Սերգեյ Սայադով

2023 թ․ մեր առաջին ծրագիրը նպատակ ուներ հայաստանյան գիտակրթական շրջանակների համար գործակցության կամուրջ ստեղծել շուրջ երկու տարի առաջ Դոնի Ռոստով քաղաքում բացված Հայագիտական կենտրոնի հետ։ Այս կենտրոնի բացման հարցում շոշափելի էր մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի դերակատարումը։ Սուրմալյանի ակտիվ աջակցությամբ հնարավոր եղավ այս կապերի գործնականացումը նաև Հայաստանում։ Օտարերկրյա մեր գործընկերների պատվիրակությունը հիմնադրամի տնօրենի հետ միասին հյուրընկալվեցին Երևանի պետական համալսարանում։ Նրանց ընդունեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած համալսարանականների խումբը։ Գործընկերային մթնոլորտում ընթացած քննարկումներն ամփոփվեցին նոր ծրագրեր իրականացնելու երկկողմ պայմանավորվածություններով։ Այնուհետև, մեր գործընկերներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, սոցիոլոգիայի և պատմության ֆակուլտետներ։ Հաջորդիվ ևս հագեցած այցելություններ էին նախատեսվում։

հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ գործընկերների և ռեկտորի հետ

Գորիս քաղաքում ծրագրի մասնակիցներին ընդունեց Գորիսի պետական համալարանի ռեկտոր Տիգրան Վանդունցն իր գործընկերների հետ։ Մհեր Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց այն ձգտումը, որ իր առջև դրել է հիմնադրամը․ անհրաժեշտ է Սփյուռքի այս հայագիտական կենտրոնի ու Հայաստանի մարզային գիտակրթական կենտրոնների միջև ևս գործընկերային կապեր ձևավորել։ Ուստի, հիմնադրամի թիրախային ուղղություններից մեկում՝ Սյունիքում հումանիտար գիտակրթական ուղղություն ունեցող միակ համալարանի հետ գործընկերային կապը կարևոր քայլ հանդիսացավ։ Կողմերը գործակցության հեռանկարներ մատնանշեցին, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանելու պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։

հանդիպում ԳՊՀ-ում
ԳՊՀ գործընկերների և ռեկտորի հետ

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Կապանում։ 2021 թ․ հիմնադրամի աջակցությամբ ամբողջովին վերանորոգված և կահավորված Կապանի թիվ 13 դպրոցի գրադարան-ընթերցասրահում գեղեցիկ մշակութային միջոցառում էր կազմակերպվել մեր պատվիրակների համար։ Իրենց հերթին պատվիրակները դպրոցին նվիրաբերեցին  Հայագիտական կենտրոնի և հայկական համայնքի համատեղ ջանքերով հավաքագրված գրականության առաջին չափաբաժինը՝ շուրջ 94 գիրք։ Մեր պատվիրակները խոստացան ռուս և համաշխարհային գրականության թեմաներն ընդգրկող նոր գրքեր ևս տրամադրել դպրոցին։ Հանդիպումը շարունակվեց դպրոցի տնօրեն Ժաննա Վարդանյանի և տնօրինության անդմաների հետ ջերմ բարեկամական ու գործնական մթնոլորտում։

հանդիպում Կապանի թիվ 13 դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ
հանդիպում Կապանի թիվ 13 դպրոցի տնօրինության ներկայացուցիչների և տնօրենի հետ

Նախատեսված վերջին և միաժամանակ ամփոփիչ ձեռնարկը տեղի ունեցավ Երևանում։ Կենտրոնի երկամյա գործունեության ընթացքում հրատարակված գիտական ուսումնասիրություններն ու քարտեզները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման համար հիմնադրամը հունվարի 20-ին կազմակերպել էր շնորհանդես։ Իրենց մասնակցությամբ ձեռնարկի գլխավոր բանախոսներ Անդրեյ Բեդրիկին և Սերգեյ Սայադովին պատվեցին ինչպես տարբեր հասրակական ու բուհական տարբեր կառույցների ղեկավար անձինք, այնպես էլ հայրենի տարբեր գիտնականներ, ովքեր ներկայացնում էին հայագիտության, սոցիոլոգիայի, փիլիսոփայության, լեզվագիտության ուղղությունները։ Հագեցած տվյալներով շնորհանդեսի վերջում Հայաստանի ազգային և ԵՊՀ գրադարանների ներկայացուցիչներին նվիրաբերվեցին Հայագիտական կենտրոնի հիմնական հրատարակությունները։ Շնորհանդեսի վերջում մասնակիցներին հյուրասիրություն էր սպասվում, որի ընթացքում նրանք կարողացան ոչ պաշտոնական և մտերմիկ զրույց ունենալ պարոններ Բեդրիկի և Սայադովի հետ։

քննարկում ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանի հետ շնորհանդեսի ժամանակ
Հայագիտական կենտրոնի գրքերի փոխանցումը Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցչին

Մեր հայրնեի պատմությունն ու մաշկույթը Ռուսաստանի Դաշնության այս հայաշատ համայնքում իսկապես մասնագիտական աճ է արձանագրում, որի շարժիչ ուժ հանդիսացող Հայագիտական կենտրոնը այսուհետ ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում։