Ամփոփվեցին «Կրթված սերունդ» ծրագրի արդյունքները
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի «Կրթված սերունդ» ծրագիրը շարունակում է իր առաքելությունը՝ նոր հնարավորություններ ստեղծելով երիտասարդների ինքնադրսևորման և մասնագիտական կայացման համար:
Ծրագրի հերթական փուլում հիմնադրամի ուշադրության կենտրոնում էին խնամքի հաստատությունների սաները: Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակում «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի երկու սաներ՝ Ալվարդ Հովհաննիսյանը և Մելինե Տատարոգուլոն, հաջողությամբ ավարտեցին դիմահարդարման մասնագիտական դասընթացը: Այս գործնական հմտությունների ձեռքբերումը կարևոր քայլ է աղջիկների համար՝ ինքնուրույն կյանք մտնելու և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու ճանապարհին:
Այս տարի հիմնադրամն ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ իրականացնելով ևս մեկ կարևոր պիլոտային ձեռնարկ: Առաջին անգամ փորձ է կատարվել աջակցել արտերկրի հեղինակավոր բուհերում բարձրագույն կրթություն ստացող մեր տաղանդավոր երիտասարդ հայրենակիցներին:
Ծրագրի այս նոր բաղադրիչի շրջանակում հիմնադրամը զորակցություն է ցուցաբերել Բելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի դիմորդ Անահիտ Ավետիսյանին՝ վճարելով նրա ընդունելության մուտքի վճարը: Հիմնադրամը կարևորում է միջազգային առաջադեմ գիտելիքներով զինված մասնագետների ձևավորումը, ովքեր հետագայում իրենց ներուժը կծառայեցնեն հայրենիքի զարգացմանը:
«Կրթված սերունդ» ծրագիրը շարունակում է մնալ հիմնադրամի առաջնահերթություններից մեկը՝ հավատալով, որ որակյալ կրթությունն ու մասնագիտական պատրաստվածությունը հուսալի ապագայի ամուր գրավականն են:
