ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

«Առողջ հայրենակից» ծրագիրը Կապան և Մեղրի համայնքներում ապահովել է 140 երեխայի անվճար բուժզննում

Սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար նեղ մասնագիտական բժշկական ծառայությունների հասանելիությունը մեծապես կարևորվում է նրանց առողջության պահպանման և խնդիրների վաղ կանխարգելման գործում։ Թեև Հայաստանի Հանրապետությունում երեխաների բուժօգնությունն անվճար է, հեռավոր մարզերում հիմնական մարտահրավերը նեղ մասնագետների պակասն է, ինչի պատճառով ծնողները ստիպված են լինում հետազոտությունների համար հասնել մայրաքաղաք։ Այս խնդրի մեղմացմանն ուղղված «Առողջ հայրենակից» ծրագրի շրջանակում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը 2026 թվականի հուլիսի 17-ին և 18-ին Սյունիքի մարզում կազմակերպեց հերթական բարեգործական նախաձեռնությունը։

Ծրագրի շրջանակում Երևանի առաջատար երկու կլինիկաները ներկայացնող փորձառու բժիշկների խումբն այցելեց Կապան և Մեղրի համայնքներ։ Այս նվիրյալ մասնագետներն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում են նմանօրինակ մարդասիրական այցեր, իսկ հիմնադրամն արդեն երկրորդ տարին է, ինչ միացել է նրանց առաքելությանը՝ իր վրա վերցնելով հեռավոր ուղղություններով այցերի կազմակերպչական ու լոգիստիկ ծախսերը, այդ թվում՝ բժիշկների կեցության հոգսը։ Տեղերում բուժզննումների պատշաճ ընթացքն ապահովելու համար Կապանի և Մեղրու բժշկական կենտրոնները տրամադրել էին անհրաժեշտ տարածքներն ու սարքավորումները։

Միջոցառման արդյունքների վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես է եկել «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը.

«Հայաստանում երեխաների բուժօգնությունն անվճար է, սակայն հեռավոր բնակավայրերում նեղ մասնագետների պակասի խնդիրը շարունակում է մնալ բավականին սուր։ Գիտակցելով, որ մեր հնարավորությունները սահմանափակ են, իսկ մարտահրավերը՝ համապարփակ, «Առողջ հայրենակից» ծրագրով փորձում ենք մեր համեստ լուման ներդնել այն մեղմելու գործում։ Արդեն երկրորդ տարին է, ինչ հիմնադրամը միանում է Երևանի առաջատար կլինիկաների նվիրյալ բժիշկների առաքելությանը՝ հոգալով նրանց կեցության ծախսերը, որպեսզի գոնե մասամբ թեթևացնենք սահմանամերձ համայնքների ընտանիքների հոգսը»։

Երկօրյա ակտիվ աշխատանքի արդյունքում Կապանի պոլիկլինիկայում և Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում անվճար մասնագիտական հետազոտություն և խորհրդատվություն ստացավ շուրջ 140 երեխա։ Կապանի պոլիկլինիկայի վարիչ Նարինե Գրիգորյանն ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը տեղի բնակիչների համար՝ նշելով, որ մայրաքաղաքի առաջատար մասնագետների այցելությունը տեղերում լուծում է նեղ մասնագետների հասանելիության հարցը և ծնողներին հնարավորություն տալիս ժամանակին հայտնաբերել ու կանխել հնարավոր առողջական խնդիրները։

Այս ծրագրի երկարաժամկետ ազդեցությունը միտված է սահմանամերձ համայնքներում կանխարգելիչ բժշկության մշակույթի ամրապնդմանը, քանի որ վաղ ախտորոշումը նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկերը։ Հիմնադրամը պատրաստակամ է շարունակելու այս արդյունավետ համագործակցությունը և ամեն տարի իր վրա վերցնելու նոր հեռավոր ուղղություններով այցերի ծախսերը՝ ապահովելով հոգատարություն ու որակյալ խնամք մեր սահմանապահ բնակիչների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով