ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Դպրոցական պայուսակներն ու գրենական պիտույքները հասան սահմանամերձ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 307 աշակերտների

Դպրոցական պայուսակներն ու գրենական պիտույքները հասան սահմանամերձ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 307

Հուլիսի 30-ին մեկնարկեց «Սահմանի աշակերտի կողքին» 2023 թ․ ծրագրի ամփոփոիչ փուլը։ Այս տարի թե՛ աշխարհագրական, թե՛ երեխաների ընդգրկվածության առումով ծրագիրն մեծ ներգրավվածություն ունեցավ։ Առաջինը մենք հասանք Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ։ Տեղի դպրոցում կայացավ սահմանամերձ Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ գյուղերի 1-4-րդ դասարաններում սովորող շուրջ 63 աշակերտների նվերների հանձնման միջոցառումը։ 

Հեռավոր այս գյուղերի մեր հայրենակիցների զավակները ստացան դպրոցական պայուսակներ՝ լի գրենական անհրաժեշտ պիտույքներով։

Հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Գորիս քաղաքն էր։ Այստեղ՝ թիվ 3 դպրոցում, կայացավ սահմանամերձ Քարահունջ, Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Տեղի թիվ 1, Քարաշեն, Հալիձոր գյուղերի 1-4-րդ դասարաններում սովորող շուրջ 199 աշակերտների նվերների հանձնման միջոցառումը։ Սիսիան համայնքի սահմանամերձ Սոֆլու միջնակարգ դպրոցի 4 աշակերտներ ևս ստացան իրենց նվերները, որոնք հանձն առավ փոխանցելու դպրոցի տնօրեն Գևորգ Ապրեսյանը։

Ծրագիրն ամփոփվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Կապանի սահմանամերձ գյուղերում վերջին անգամ ծրագիրը տեղի էր ունեցել 2021 թ․, որի ժամանակ նույն նվերներից ստացել էին ներքոհիշյալ գյուղերի 1-4-րդ դասարաններում սովորող աշակերտները։ Այս անգամ պայուսակներ ու գրենական պիտույքներ ստացան 2022-2023 թթ․ ընդունված և ներկայում 1-2-րդ դասարաններում սովորող Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղվարդի, Ճակատեն, Շիկահող, Սյունիք, Ծավ գյուղերի 40 աշակերտները։ Մինչ այդ հիշյալ գյուղերի դպրոցների տնօրենների հետ հեռավար հանդիպման ժամանակ պարզ էր դարձել, որ սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի դպրոցում 1-4-րդ դասարաններում ընդամենը մեկ երեխա է սովորում։ Հիմնադրամի տնօրենի որոշմամբ այդ մեկ աշակերտը ևս ներառվեց ծրագրում՝ Կապանում ստանալով իր բաժին նվերները։

Ծրագրի իրականացման սկզբից մինչև ամփոփում մեր կողքին էին հիմնադրամի կամավորները։ Նրանց շարքերում էին «Մենք» առաջնորդության ակումբի մասնակիցները, համալսարանական շրջանակների, տեղերում ուսուցչական կոլեկտիվների ու աշակերտության ներկայացուցիչները։ Մենք հպարտ ենք և ուրախ, որ մեր կամավորներն անշահախնդիր կերպով աջակից դարձան ծրագրին։

Այսպիսով, «Սահմանի աշակերտի կողքին» 2023 թ․ ծրագրի շրջանակում հնարավոր եղավ դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրաբերել Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի 20 սահմանամերձ գյուղերի 1-4-րդ դասարաններում սովորող 307 աշակերտի։

Մեծապես հավատացած ենք, որ մեր համեստ աջակցությունը թեթևացրեց մեր բալիկների ծնողների ուսերին հառած ֆինանսական բեռի մի մասը և լիահույս, որ այդ աջակցությունը պետք է առավելապես խրախուսի մեր սիրելի աշակերտներին իրենց ուսման գործի մեջ։