«Փոքրիկ հայրենակից» ամառային դպրոց․ արվեստի ու հայրենասիրության տոն սահմանամերձ Կապանում
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին շարունակ իրականացվող «Փոքրիկ հայրենակից» ծրագիրն այս անգամ ևս ամուր կամուրջ դարձավ Կապանի աշակերտների և հայ մշակույթի ու ինքնության միջև։
Ծրագրի ձևաչափն ամառային ճամբար էր, որին մասնակցեցին Կապան համայնքի 4–7-րդ դասարանների 71 աշակերտ՝ նախապես գրանցված 80-ից։ Մասնակիցների շարքում կային ինչպես հերոսաբար զոհված զինվորների զավակներ, այնպես էլ ծնողազուրկներ, սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքների երեխաներ։ Հիմնադրամը, հաշվի առնելով նախորդ տարիներին հնչող ցանկությունները, դպրոցին մասնակցելու հնարավորություն տվեց նաև ծրագրին նախապես գրանցված և սահմանամերձ համայնքում ապրող առանց կարգավիճակ ունեցող երեխաներին։ Վերջիններս ևս մեծ ոգևորությամբ միացան դպրոցին։ Ամեն օր դպրոցի սաների առջև բացվում էր արվեստի մի նոր պատուհան՝ պար, թատերարվեստ, կերպարվեստ։ Մեծ խանդավառությամբ ընդունվեց նաև այս տարվա ևս մեկ նորամուծություն՝ սպորտային խաղեր։
Ճամբարի ընթացքում երեխաների համար կազմակերպվել էին նաև հավելյալ միջոցառումներ՝ ֆլեյտայի և ջութակի դասեր, այցելություն Կապանի արվեստի թանգարան՝ տեղում ծանոթանալու հայրենի նկարիչների աշխատանքներին, ինչպես նաև բեմականացման պրոցեսի բացահայտում Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում։ Վերջին այցելության ընթացքում թատրոնի դերասաններն ուրախացրին սաներին՝ ներկայացնելով «Գանձեր որոնողները» ներկայացումը։
Ծրագիրն իրագործվել է համագործակցությամբ Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Կապանի համայնքապետարանի։ Հատուկ մասնակցություն ու աջակցություն են ցուցաբերել նաև Կապանից ներգրավված կամավորներն ու Դոնի Նախիջևան հայ համայնքից ժամանած հյուրերը՝ Դոնի հայ երիտասարդների միության ներկայացուցիչները, ովքեր դպրոցի առաքելությունը դարձրել են նաև Սփյուռք-Հայաստան համագործակցության վառ օրինակ։
Դասընթացները, որոնք ընթացել են հունիսի 18–22-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպվել են նախապես՝ հունիսի 15–17-ին, կազմված խմբերի և հստակ դասացուցակների հիման վրա։ Ամեն դասաժամից հետո երեխաները փոքրիկ հյուրասիրություններ էին վայելում, ինչը ոչ միայն հոգատարության դրսևորում էր, այլև՝ ընտանեկան մթնոլորտի անբաժանելի մաս։
Ծրագրի ավարտին՝ հունիսի 22-ին, կազմակերպվեց տոնական միջոցառում, որի ընթացքում սաները ցուցադրեցին իրենց գունանկարները, պարեցին ազգային պարեր, ներկայացրին թատերական փոքրիկ համարներ՝ կարճ ժամանակում ձեռք բերած հմտություններով։ Օրվա երկրորդ կեսին բոլոր սաները, դասվարներն ու կամավորները մասնակցեցին ամփոփող հյուրասիրություն-տոնախմբությանը, իսկ կամավորներն արժանացան պատվոգրերի։
Հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանն իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, նրանց ծնողներին և հարազատներին հիմնադրամի հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար։ Պարոն Հովհաննիսյանը ներկաներին փոխանցեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի ողջույնի ուղերձը։ Հիմնադրամի անունից Մհեր Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Սյունիքի մարզպետարանին՝ մասնավորապես Կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը և նրա ղեկավար Մերի Գանդալյանին՝ դպրոցների հետ տարվող աշխատանքներում աջակցության համար։ Հատուկ շնորհակալության խոսքեր հղվեցին նաև Կապանի համայնքապետարանին, Կապանի արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանին, մարզադպրոցի տնօրեն Թևան Գևորգյանին, թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանին, ինչպես նաև արվեստի թանգարանի անձնակազմին՝ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և աջակցման համար։
«Փոքրիկ հայրենակից» ծրագիրը միտված է մշակութային կրթության և հոգատար միջավայրի ստեղծմանը՝ հատկապես հայրենիքի սահմանամերձ հատվածներում բնակվող երեխաների համար։ Այն նպաստում է նաև Սփյուռք-Հայաստան համագործակցության խորացմանը՝ ճանաչելի դարձնելով Դոնի Նախիջևանի հայկական համայնքի պատմությունը և նոր հնարավորություններ ստեղծելով պատանիների ու երիտասարդների՝ համատեղ հայրենանվեր նախաձեռնությունների իրականացման համար։
