ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

«Մենք» առաջնորդության դպրոց — Պատմություն 2026

«Մենք» առաջնորդության դպրոց — Պատմություն 2026 (համառոտ նկարագրություն)

Ժամանակակից աշխարհում, որտեղ տեղեկատվական հոսքերի բազմազանությունը պահանջում է գիտելիքը զտելու, խորքային պատճառահետևանքային կապերը վերլուծելու և սեփական տեսակետը փաստարկված ներկայացնելու ունակություն, առավել քան երբևէ կարևոր է մտածող, գիտական էթիկային հավատարիմ և նախաձեռնող երիտասարդների ձևավորումը։ Նրանք այն առաջնորդներն են, ովքեր ոչ միայն պահպանում են մշակութային ժառանգությունը, այլև պատասխանատվություն են ստանձնում պատմագիտական մտքի զարգացման և արժեքային համակարգի ձևավորման համար։
Այդ ուղղությամբ վճռորոշ դեր ունեն ոչ միայն դպրոցական կամ բուհական կրթությունը, այլև գործնական փորձառությունը և ինտենսիվ զարգացման ծրագրերը, որոնք խթանում են վերլուծական հմտությունները, հանրային հաղորդակցման կարողությունները, ինչպես նաև երկխոսության մշակույթի ձևավորումը։
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը նախաձեռնում է «Մենք» առաջնորդության դպրոցը, որն այս տարի ներկայանում է «Պատմություն» բաղադրիչով։ Ծրագիրը միտված է պատմագիտական ուղղվածությունը նախընտրած աշակերտների և ուսանողների մասնագիտական ներուժի բացահայտմանը, պատմագիտական մտածողության զարգացմանը և գիտական ինքնության հաստատմանը։ Ծրագիրը կամուրջ է հանդիսանում դպրոցական «նկարագրական» պատմությունից դեպի բուհական «քննադատական» մտածողություն՝ ապահովելով սերնդափոխություն և գիտական փորձի փոխանցում։

Ի՞նչ նպատակ է հետապնդում ծրագիրը։
    • ձևավորել մասնակիցների մոտ պատմական հետազոտություն իրականացնելու բազային կարողություններ և գիտական աշխարհայացք,
    • հաղորդել մեթոդաբանական հիմքեր (տեքստի վերլուծություն, աղբյուրագիտական քննադատություն),
    • խթանել միջգիտակարգային կապերը (պատմություն, հնագիտություն, մշակութաբանություն, առաջնորդություն և այլն),
    • ստեղծել մասնագիտական կայուն համայնք՝ աշակերտ-ուսանող-դասախոս անմիջական շփման միջոցով:
Ի՞նչ է առաջարկում ծրագիրը։
    • Տեսական և գործնական դասընթացներ պատմագիտությունից։
    • Հետազոտական հոդված տպագրելու հնարավորություն։
    • Հավաստագիր մասնակցության մասին։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
  • Ծրագրին կարող են դիմել ՀՀ հանրակրթական դպրոցների 2026 թ. սեպտեմբերից 12-րդ դասարան տեղափոխված աշակերտները և ՀՀ բուհերի «Պատմություն» մասնագիտությամբ բակալավրիատի 1-ին կուրս ընդունված ուսանողները։
  • Ծրագրին կարող են մասնակցել ընդհանուր առմամբ 40 դիմորդ՝ 20 աշակերտ (12-րդ դասարան) և 20 ուսանող (բակալավրիատի 1-ին կուրս) սահմանաչափով։
Ինչպե՞ս դիմել։
  • Դիմելու համար պահանջվում է լրացնել էլեկտրոնային հայտը (հայտարարության վերջում մուտք գործեք «Արձանագրվեք այստեղ») և հիմնադրամի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ nornakhijevanhf@gmail.comուղարկել հետևյալ փաստաթղթերի սքան կամ լուսանկարված տարբերակները՝
    • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական),
    • Աշակերտների համար. «Հայոց պատմություն» առարկայից գերազանց առաջադիմությունը հավաստող փաստաթուղթ (11-րդ դասարանի տարեկան գնահատականների էջի սքրինշոթը` emis.am համակարգից), ինչպես նաև օլիմպիադաների մրցանակային տեղերի առկայության դեպքում՝ համապատասխան վկայագրեր։
    • Ուսանողների համար․ «Հայոց պատմություն» առարկայից ընդունելության քննության գնահատականը հավաստող փաստաթուղթ (ԳԹԿ-ի կողմից դիմորդի էլ․ հասցեին ուղարկված քննության արդյունքը հաստատող էլեկտրոնային փաստաթուղթը)։
Ընթացք

Ծրագիրը սկսվում է երկօրյա ինտենսիվ սեմինարով (ս․թ․ օգոստոսի 29-30, Ծաղկաձոր, ամեն օր ժամը 15։30-18։30), որը ներառում է՝

  • տեսական դասախոսություններ,
  • գործնական քննարկումներ։

Ծրագրի մասնակիցների Ծաղկաձորում կեցության, ինչպես նաև Երևան-Ծաղկաձոր-Երևան ուղևորափոխադրման բոլոր ծախսերը հոգում է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը։

Բանախոսներ

Բանախոսները ընտրվում են մասնագիտական և հարակից ոլորտների փորձառու մասնագետներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով