ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Ամփոփվեցին 2021 թվականի «Երիտասարդ առաջնորդների դպրոց»-ի արդյունքները

Ամփոփվեցին 2021 թվականի «Երիտասարդ առաջնորդների դպրոց»-ի արդյունքները
Սեպտեմբերի 29-ին ավարտական ձեռնարկով ամփոփվեց «Երիտասարդ առաջնորդների դպրոց» կրթագործնական սեմինարը։ Յոթ մասնակիցները, ովքեր ներկայացնում էին Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Գորիսի պետական համալսարանները, մեկ շաբաթյա տեսական դասերի և շուրջ մեկ շաբաթ տևած հեռավար գործնական աշխատանքի արդյունքում հեղինակեցին 7 նախագիծ։ Այդ ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծրագրի շրջանակում դասավանդող քաղաքագիտական գիտությունների թեկնածու Կատարինե Ալթունյանի հետ զարգացնելու մասնագիտական գիտելիքները և համադրելու դրանք գործնական հմտությունների հետ։ Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի համակարգող Նինա Սեդրակյանը։ Վերջինս ընդգծեց ծրագրի շրջանակում մասնակիցների հետ արձանագրած կարևոր մասնագիտական ձեռքբերումները և հույս հայտնեց, որ ապագայում նոր գիտելիքներով և գաղափարներով մեր նորօրյա առաջնորդների շարքերում կտեսնի ծրագրի շրջանավարտներին ևս։ Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը։ Նա ողջունեց ներկաներին՝ ջերմ բարևներ փոխանցելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և նախագահ Հարություն Սուրմալյանի անունից։ Հովհաննիսյանը նշեց, որ «Երիտասարդ առաջնորդների դպրոց»-ը Հիմնադրամի կրթագործնական ծրագրերի թվում իր ուրույն տեղն է զբաղեցնում։ Նա կարևորեց դասախոս Կատարինե Ալթունյանի կատարած աշխատանքը։ Դիմելով մասնակիցներին՝ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ վերջիններս խիզախություն կունենան առօրյա կյանքում դրսևորելու առաջնորդի հատկանիշներ և ի կատար ածելու հանրօգուտ ծրագրեր։ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ծրագրի ավարտից հետո կտեսնի մասնակիցների մասնագիտական հոդվածները www.ditarkum.info լրատվական-գիտավերլուծական կայքում։ Սեմինարի բոլոր յոթ մասնակիցներին՝ Զարուհի Հովեյանին, Արման Գրիգորյանին, Հայկուշ Ազարյանին, Գրետա Գասպարյանին, Մարգարիտա Ճշմարիտյանին, Ելենա Սարգսյանին, Մանե Սարգսյանին շնորհվեցին «Մասնակցության վկայական»-ներ։ Դասախոսական կազմի գնահատման արդյունքում՝ առավել բարձր նիշեր ստացած չորս մասնակիցներին՝ Զարուհի Հովեյանին, Հայկուշ Ազարյանին, Գրետա Գասպարյանին, Արման Գրիգորյանին տրվեց «Կրթաթոշակի հավաստագիր»։ Վերջիններիս բանկային հաշիվներին փոխանցվեց 100000-ական ՀՀ դրամի չափով մեկանգամյա կրթաթոշակ։
Մենք շարունակում ենք կրթության ոլորտում թիրախային աջակցության ծրագրերը, որոնց միջոցով ուշադրության կենտրոնում ենք պահելու հայրենի երիտասարդի մասնագիտական աճի և սոցիալական աջակցության հարցերը։