ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Ամփոփվեց «Ամանորյա նվեր» 2025 թ․ ծրագիրը

2025 թվականի դեկտեմբերի 29-ին Երևանում իր տրամաբանական ավարտին հասավ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ամենասպասված և հուզիչ նախաձեռնություններից մեկը՝ «Ամանորյա նվեր» սոցիալական ծրագիրը։ Արդեն հինգ տարի անընդմեջ հիմնադրամն այս առաքելությունն իրականացնում է որպես հոգատարության և համախմբման խորհրդանիշ՝ նպատակ ունենալով տոնական բերկրանք պարգևել այն փոքրիկներին, որոնց ընտանիքները կրել են հայրենիքի պաշտպանության ու հարկադիր տեղահանման ծանրագույն զրկանքները։

Այս տարի ծրագրի շահառուներն էին 2016-2023 թվականների ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների և անհայտ կորածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ընտանիքների 4-ից 6 տարեկան երեխաները։ Սա այն տարիքային խումբն է, որտեղ հեքիաթի և հրաշքի հանդեպ հավատն ամենազոր է, և հիմնադրամի խնդիրն էր պահպանել այդ լույսը փոքրիկների հոգիներում։

Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 159 երեխաներն ու նրանց ուղեկցող հարազատները հիմնադրամի հրավերով հյուրընկալվել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ Թատրոնի կախարդական մթնոլորտն ու պատրաստված ամանորյա հեքիաթային ներկայացումը երեխաներին կտրեցին առօրյա հոգսերից՝ տեղափոխելով նրանց մի աշխարհ, որտեղ հաղթում է բարին ու լույսը։ Ներկայացման ավարտից հետո փոքրիկների համար պատրաստված էր ամենակարևոր անակնկալը՝ հանդիպումը Ձմեռ պապի և նրա հեքիաթային օգնականների հետ։

Միջոցառման գագաթնակետը «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի կողմից խնամքով ընտրված ամանորյա նվերների հանձնումն էր։ Յուրաքանչյուր նվեր-փաթեթ, բացի խաղալիքներից և անհրաժեշտ պարագաներից, համալրված էր քաղցրավենիքով՝ ամբողջացնելով տոնական տրամադրությունը։

«Ամանորյա նվեր» 2025 թ․ ծրագրի հաջող իրականացումը հնարավոր չէր լինի առանց այն հսկայածավալ նախապատրաստական աշխատանքի, որը մեկնարկել էր միջոցառումից շաբաթներ առաջ։ Այս գործընթացում իրենց անփոխարինելի ավանդն ունեցան հիմնադրամի կամավորները։ Ուրախալի է փաստել, որ կամավորների թիմն այս տարի առավել բազմաշերտ էր. ուսանողներից բացի, նախաձեռնությանը միացել էին տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիներ և սփյուռքահայեր, ովքեր ցանկանում էին անձամբ մասնակից լինել բարեգործական առաքելությանը։

Առանձնահատուկ ջերմությամբ պետք է նշել Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի 9-րդ «ա» դասարանի աշակերտների ներգրավվածությունը։ Դպրոցի տնօրեն Ա․ Զուռնաչյանի և դասղեկ Ա․ Ղազարյանի գլխավորությամբ աշակերտներն առաջին անգամ համալրեցին հիմնադրամի կամավորական թիմը՝ ապացուցելով, որ կարեկցանքն ու սոցիալական պատասխանատվությունը սահմաններ և տարիք չեն ճանաչում։ Երիտասարդների այս քայլը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես է ձևավորվում առողջ և համերաշխ հասարակությունը։

«Նոր Նախիջևան» հիմնադրամի համար այս ծրագիրը սոցիալական օգնությունից զատ ունի նաև խորը բարոյական նշանակություն։ Այն հարգանքի տուրք է մեր հերոսների հիշատակին և զորակցություն նրանց ընտանիքներին։ Հինգ տարվա փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ միջոցառումները հոգեբանական մեծ աջակցություն են երեխաների համար՝ օգնելով նրանց զգալ, որ իրենք մենակ չեն, և որ հասարակությունը գնահատում ու պահպանում է իրենց մանկության խաղաղությունն ու ժպիտը։

«Նոր Նախիջևան» հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանն իր ամփոփիչ խոսքում նշեց. «Արդեն հինգերորդ տարին է, ինչ մեր հիմնադրամը ստանձնում է այս կարևորագույն պատասխանատվությունը։ «Ամանորյա նվեր» ծրագիրը մեզ համար պարզապես միջոցառում չէ, այն մեր սիրո և երախտագիտության արտահայտումն է այն ընտանիքներին, որոնք ամենաբարձր գինն են վճարել հանուն մեր երկրի։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր երեխա զգա տոնի շունչը և վստահ լինի, որ իր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել»։

Այս տարի ծրագիրն ընդլայնվեց ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ։ Մեր մասնակիցների շարքերը համալրեցին հատուկ հոգածության կարիք ունեցող փոքրիկներ՝ երեխաների խնամքի մասնագիտացված կենտրոնների սաները։

Հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև ստորագրված հուշագրի շրջանակում ձևավորված նոր ուղղության շնորհիվ՝ ամանորյա նվերներ ստացան նաև «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ ԾՔԻ «Կոտայք» մասնաճյուղի 8 և Գյումրու «Երեխաների տուն» կազմակերպության 19 սաներ:

Սիրելի՛ բալիկներ, ձեր ժպիտները մեր ամենամեծ վարձատրությունն են։ Շնորհավորում ենք ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Թող 2026 թվականը ձեզ համար լինի անամպ երկնքի, անսպառ առողջության և երազանքների իրականացման տարի։ Եղե՛ք երջանիկ ձեր հարազատների կողքին։