ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Սահմանամերձ Սյունիքի մարզի 8 դպրոցներն ու նրանց 275 աշակերտները ստացան նախատեսված նվիրատվությունը

Սահմանամերձ Սյունիքի մարզի 8 դպրոցներն ու նրանց 275 աշակերտները ստացան նախատեսված նվիրատվությունը

Հուլիսի 2-ին Գորիսի թիվ 3 դպրոցում հանդիսավոր պայմաններում ամփոփվեցին Նոր Նախիջևան մարդասիրական հիմնադրամի «Սահմանի աշակերտի կողքին» և «Գիրքը սահմանին» ծրագրերը։ Հիմնադրամն այս տարի ևս,  ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ հարավային սահմանամերձ Սյունիքի մարզը, հիշյալ ծրագրերը իրականացրեց Գորիսի տարածաշրջանի 8 գյուղերում։ «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրի շրջանակում Տեղի թիվ 2, Խնածախի, Վաղատուրի, Հարթաշենի, Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի, Խոտի միջնակարգ և Արավուսի տարրական դպրոցների 1-4-րդ դասարաններում սովորող 275 աշակերտ ստացան դպրոցական պայուսակներ՝ լի երկու տասնյակից ավելի անուն գրենական պիտույքներով։

Համանուն դպրոցների գրադարանները ևս մեր ուշադրության կենտրոնում էին։ Արդյունքում, «Գիրքը սահմանին» ծրագրի շրջանակում դպրոցներից յուրաքանչյուրը ստացավ 83 անուն նոր գեղարվեստական, պատմական գունագեղ գրքեր։

Ինչպես միշտ մեր կողքին է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանը։ Նրա անմիջական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ բավարար միջոցներ ապահովել այս նախաձեռնությունների իրականացման համար։ Այս անգամ մեր կողքին կանգնեց Լոս Անջելեսի Մեսրոպյան ազգային վարժարանը։ Նախորդ տարվա մեր ծրագրերից ոգևորված՝ տնօրեն Դավիթ Ղուկասեանի և ուսուցչուհի Արփի Համբարեանի ջանքերով վարժարանի որոշ սաներ ու մեր առաքելությանը վստահող տեղի այլ հայորդիներ իրենց դրամական միջոցներով ևս միացան մեզ։ Տեղերում դպրոցների ներկայացուցիչների հետ հիմնադրամի կապն արդեն երկրորդ տարին է ինչ արդյունավետ ապահովում է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում վարչությանը և նրա ղեկավար Մերի Գանդալյանին՝ արդյունավետ համագործակցության համար։ Շնորհակալություն նաև Գորիսի թիվ 3 դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանին, աշխատակազմին՝ մեր զույգ ծրագրերն ամբողջացնող միջոցառումը հյուրընկալելու և իրենց արվեստասեր սաների կատարումներով այն էլ ավելի գունեղ դարձնելու համար։ Իհարկե, ինչպես միշտ, մեր կողքին են մեր կամավորները։ Երևանից մինչև Գորիս նրանք անտրտունջ աշխատեցին, արեցին առավելագույնը, որպեսզի մեր հասցեատերերը ստանան իրենց հասանելիք նվիրատվությունը։ Իսկ մենք, լցված մեծ հավատով, շարունակում ենք մեր առաքելությունը՝ հավատարիմ մնալով մեր սկզբունքին․ «Հայրենիքի կողքին, հայրենակցի հետ»։