ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Ամանորյա նվեր զինվորի զավակին 2022 թ․ ծրագիրն ամփոփվեց

Ամանորյա նվեր զինվորի զավակին 2022 թ․ ծրագիրն ամփոփվեց

Դեկտեմբերի 17-ին ամփոփվեց «Ամանորյա նվեր զինվորի զավակին» 2022 թ․ ծրագիրը։ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամն արդեն երկրորդ անգամ է իրականացնում այս սոցիալական ծրագիրը։ Այս անգամ ծրագրի մասնակիցների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 107 երեխայի։ Մեր անմահ հերոսների 4-ից 11 տարեկան երեխաները և նրանց ուղեկցող մայրիկները հիմնադրամի հովանու ներքո հյուրընկալվել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝ դիտելու «Սանտայի հյուրերը» ամանորյա ներկայացումը։ 

Մասնակիցները ոչ միայն Երևանից էին, այլ նաև մեր հանրապետության տարբեր բնակավայրերից։ Մեզ հյուրընկալվել էին Շիրակի մարզի Գյումրի քաղաքից, Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից, Արտաշար գյուղից, Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքներից, Արզական, Մրգաշեն, Ձորաղբյուր ու Նոր Գեղի գյուղերից, Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներից, Արագածավան գյուղից, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներից, Նոր Ազնաբերդ և Քարագլուխ գյուղերից, Արարատի մարզի Արտաշատ քաղաքից, Նշավան և Ավշար գյուղերից, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից ու Վաղաշեն գյուղից, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից։

Ներկայացումից հետո մեր մասնակիցներին սպասում էր հյուրասիրություն։ Միջոցառման գլխավոր մասը Ձմեռ պապի և նրա օգնականների հետ հանդիպումն էր։ Մեր փոքրիկ բարեկամներն արժանացան ամանորյա նվերների, որոնց մեջ բազմազան խաղալիքներ ու քաղցրավենիքներ կային։ Մենք և մեր սիրելի կամավորներն ամեն ինչ փորձեցինք անել, որպեսզի այս հրաշք փոքրիկների և նրանց մայրիկների ևս մեկ օր ավելի լուսավոր և կենսախինդ դարձնենք։

Սիրելի՛ բալիկներ, մեր հիմնադրամի կողմից սրտանց շնորհավորում ենք գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում ենք ձեզ խաղաղ տարիներ՝ լի մեծամեծ հաջողություններով։ Եղե՛ք առողջ և երջանիկ։ Ձեր՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ։