
Գիրքը սահմանին․ գրքերի նվիրաբերման ծրագիրը վերածվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթի
2025 թվականի հունիսի 17-ին Կապանի էլեկտրոնային գրադարանում մեկնարկեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հերթական ծրագիրը՝ «Գիրքը սահմանին» խորագրով։ Այն անցկացվեց Սյունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ գործակցությամբ։ Մրցույթի կազմակերպմանն իր ներդրումն է ունեցել նաև Կապանի ակումբագրադարանային միավորումը՝ անհատույց տրամադրելով Կապանի էլեկտրոնային գրադարանի տարածքը։
Ծրագրի նպատակն էր համախմբել հայրենիքի և սփյուռքի կրթամշակութային նախաձեռնությունները, ինչպես նաև հայրենիք-սփյուռք համագործակցության շրջանակում Սյունիքի սահմանամերձ համայնքների աշակերտներին հաղորդակից դարձնել Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքի պատմությանն ու մշակույթին։
Մրցույթը անցկացվեց ինտելեկտուալ խաղի ձևաչափով։ Մասնակցեցին Կապանի թիվ 1, 3, 6, 7, 10, 13 դպրոցների և Սյունիք բնակավայրի դպրոցի 7-8-րդ դասարանների աշակերտները։ Ընդհանուր առմամբ ձևավորվել էր 7 թիմ, որոնցում ներգրավված էին 21 աշակերտ և 7 ուսուցիչ՝ որպես թիմերի պատրաստման ու համակարգման պատասխանատուներ։
Խաղի կազմակերպմանը մասնակցեցին կամավորներ Կապանից, ինչպես նաև Դոնի Նախիջևանից ժամանած «Դոնի հայ երիտասարդության միության» երկու ներկայացուցիչներ, որոնք հանդես եկան որպես ծրագրի մասնակիցների ոգևորող և աջակից թիմ։ Խաղը դատող հանձնաժողովը հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի նախագահությամբ հստակ չափորոշիչներով առաջնորդեց խաղի ընթացքը՝ ապահովելով ազնիվ և մրցակցային խաղի պայմաններ։
Մրցույթը սկսվեց հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի ողջույնի խոսքով․ «Մենք ցանկանում էինք, որ մեր հայրենիքի պատանիները ճանաչեն ոչ միայն իրենց շրջապատը, այլև աշխարհասփյուռ հայության պատմության շերտերը։ Նոր Նախիջևանն ունի մեծ խորհուրդ, և այսօր այդ խորհուրդը դարձավ շարժիչ ուժ՝ այս հրաշալի հանդիպման ու մտավոր մրցույթի համար»։ Պարոն Հովհաննիսյանը բոլոր ներկաներին փոխանցեց նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի ողջույնները։ Հյուրընկալող գրադարանի տնօրեն Մարինե Հարությունյանը ևս հանդես եկավ ողջույնի խոսքով։
Թիմերը ներկայացրեցին իրենց գիտելիքները Նոր Նախիջևան հայկական համայնքի պատմության, մշակույթի և ինքնության վերաբերյալ։
Արդյունքում շուրջ երկու ժամ տևած մրցույթն արձանագրեց հետևյալ արդյունքը․
Առաջին տեղը զբաղեցրեց Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի թիմը՝ Յանա Զաքարյան, Միլենա Սարգսյան, Անրի Մկրտչյան, ուսուցչուհի՝ Սոնա Անտոնյան։
Երկրորդ տեղը գրավեց Կապանի թիվ 10 հիմնական դպրոցի թիմը՝ Լևոն Գրիգորյան, Մանե Ավետիսյան, Նարա Իսկանդրայան, ուսուցչուհի՝ Աննա Սարգսյան։
Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Սյունիքի միջնակարգ դպրոցի թիմը՝ Անգելինա Արշակյան, Կարինե Ասպոյան, Սոֆիա Մարտիրոսյան, ուսուցչուհի՝ Վարդուհի Հարությունյան։
Հաղթող երեք թիմերը հիմնադրամի կողմից պարգևատրվեցին իրենց դպրոցների գրադարանների համար նախատեսված դյուրակիր համակարգիչներով, ինչպես նաև՝ գիտահանրամատչելի և գեղարվեստական գրքերով։ Բացի այդ, Դոնի հայ երիտասարդության միության կողմից նրանք ստացան գրքեր՝ համայնքի և նրա նշանավոր գործիչների մասին, ինչպես նաև հուշանվերներ։ Աշակերտները պարգևատրվեցին մրցանակային վկայականներով։
Մրցանակային տեղ չզբաղեցրած թիմերն ու նրանց ուսուցիչները ևս ուշադրությունից դուրս չմնացին․ աշակերտները ստացան մասնակցության վկայականներ, իսկ դպրոցներին փոխանցվեցին գրքային փաթեթներ։ Ուսուցիչները պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Վերջիններս ևս իրենց դպրոցներ տարան հիմնադրամի կողմից պատրաստած հետաքրքրաշարժ գրքերի հավաքածուներ։
Ծրագրի ավարտին հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը՝ ի դեմս վարչության պետ Մերի Գանդալյանին՝ մարզում չորս տարի շարունակ հիմնադրամի կողմից իրականացված բոլոր սոցիալ-կրթական ծրագրերին անաչառ աջակցելու համար։ Այս անգամ ևս վարչությունը եղել է ծրագրի կողքին՝ կազմակերպման և իրականացման բոլոր փուլերում։ Մրցույթին ներկա էր նաև վարչության ներկայացուցիչ Սուսաննա Հակոբյանը։
Հիմնադրամի տնօրենի կողմից համագործակցության համար շնորհակալական խոսք հղվեց նաև Կապանի համայնքապետարանին և նրա հովանու ներքո գործող ակումբագրադարանային միավորմանը՝ ի դեմս Մարինե Հարությունյանի։ Վերջինս պարգևատրեց շնորհակալագրով։
Մրցույթի ավարտին ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով, հնչեցրին շնորհակալական խոսքեր, ինչպես նաև առաջարկեցին շարունակել ծրագիրն այս ձևաչափով՝ այն դարձնելով համամարզային, իսկ ապագայում՝ նաև համապետական։