Հաշվետվություն 2023
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ հունվարի 8-ին կայացած նիստում, ի թիվ այլ հարցերի, ամփոփվեցին հիմնադրամի 2023 թ․ գործունեության արդյունքները, որոնց ամփոփ պատկերը ներկայացնում ենք ստորև։
Հաշվետու տարում հիմնադրամի դրամական միջոցները գոյացել են սփյուռքում և հայրենիքում բնակվող մեր հայրենակիցների, սփյուռքի հայկական համայնքային կազմակերպությունների նվիրատվություններից։ Նվիրատուների շարքերում կրկին մեր կողքին առաջինը կանգնել է Դոնի Ռոստովի հայկական համայնքը (Ռուսաստան): Մեզ աջակցել են նաև ԱՄՆ Արևմտյան ափի Մեսրոպյան ազգային վարժարանը, ԱՄՆ-ից և Գերմանիայից մեր հայրենակիցները։
Գործունեության մեջ կարևորվել է մեր հայրենակցին օգնելու և մասնագիտական աճին խրախուսելու սկզբունքը։
Հիմնադրամը 2023 թ․ նախատեսել և իրականացրել է 12 ծրագիր։ Մեր ծրագրերի ընթացքում հնարավոր եղավ աջակցել անհատապես 1501 մարդու և Արցախից տեղահանված ավելի քան 1000 ընտանիքի։ Անհատապես աջակցություն ստացած մարդկանց թվում 1454-ը՝ 4-15 տարեկան երեխաներ էին։ Այդ մարդկանց թվում էին սահմանամերձ գյուղերի 16 ընտանիք, որոնք իրենց տնտեսությունները զարգացնելու համար մեր աջակցությանն արժանացան։ Աջակցություն ստացան տարբեր կառույցներ, որոնցից՝ 12 մարզային դպրոց և 1 կրթական կենտրոն։
2023 թ.-ին «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը մեկնարկեց իր առաջին արտասահմանյան ծրագիրը՝ ուղղված Ջավախքի հայ երիտասարդների տեխնոլոգիական կրթությանը: Հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) տնօրեն Սամվել Մկոյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Ապահովվեցին Ախալցխայի «Արմաթ» կենտրոնի 2023 թ. պահպանման և սպասարկման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ծրագիրը միտված է Ջավախքում արդի տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնելուն՝ հիմք նախապատրաստելով նոր սերնդի մասնագիտական մեծ հաջողությունների համար:
12 դպրոց ստացել է 61 անուն նոր գրքերից բաղկացած փաթեթներ («Գիրքը սահմանին» ծրագիր, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի, Կութի, Նորաբակի, Ազատի և Սյունիքի մարզի Քարահունջի, Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի, Տեղի թիվ 1, Քարաշենի, Հալիձորի, Սոֆլուի դպրոցներ):
«Սահմանի աշակերտի կողքին» ծրագիր
1107 աշակերտ ստացել է դպրոցական պայուսակ և գրենական պիտույքներից բաղկացած փաթեթ («Սահմանի աշակերտի կողքին» ծրագիր, ՀՀ Սյունիքի մարզի Տեղի թիվ 2, Խնածախի, Վաղատուրի, Հարթաշենի, Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի, Խոտի միջնակարգ և Արավուսի տարրական դպրոցների 1-ից 4-րդ դասարաններում սովորող աշակերտներ):
13 ուսանող մասնակցել է առաջնորդության հմտությունների զարգացման սեմինարի, որոնցից 7 մասնակից մինչև տարեվերջ ամսական դրվածքով, իսկ 5-ն էլ՝ մեկանգամյա կրթաթոշակ ստացել։ («ՄԵՆՔ» առաջնորդության դպրոց» ծրագիր):
«Հայագիտությունը Նոր Նախիջևանում» ծրագիր
Հայաստան-Սփյուռք գիտակրթական կամուրջների ամրապնդման համատեքստում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվել է «Հայագիտությունը Նոր Նախիջևանում» ծրագիրը: Դոնի Ռոստովի Հայագիտական կենտրոնի պատվիրակությունը՝ Անդրեյ Բեդրիկի և Սերգեյ Սայադովի գլխավորությամբ, այցելել է Հայաստան:
Գիտական կապեր. Հանդիպումներ են տեղի ունեցել ԵՊՀ և Գորիսի պետական համալսարանի ռեկտորների հետ, ձեռք են բերվել գործակցության պայմանավորվածություններ:
Կրթական աջակցություն. Կապանի թիվ 13 դպրոցին նվիրաբերվել է շուրջ 94 անուն գիտակրթական գրականություն:
Շնորհանդես և նվիրատվություն. Երևանում կազմակերպված գիտական շնորհանդեսի ժամանակ Հայաստանի ազգային և ԵՊՀ գրադարաններին են փոխանցվել կենտրոնի բացառիկ հրատարակություններն ու քարտեզները:
«Առողջ հայրենակից» 2023 թ. արդյունքներ
2023 թ. ծրագիրն իրականացվել է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Հիմնադրամը համաֆինանսավորել է վեց հայտատուների վիրահատություններն ու բժշկական անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Ցավոք, չնայած գործադրված ջանքերին և դեղորայքի ձեռքբերման համաֆինանսավորմանը, հնարավոր չեղավ փրկել Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից ծանր այրվածքներ ստացած անչափահաս Սերգեյ Կարաևի կյանքը։
«Փոքրիկ հայրենակից» 2023 թ. ամառային դպրոց» ծրագիր
2023 թ. Կապանում իրականացվեց «Փոքրիկ հայրենակից» ծրագիրը, որին մասնակցեցին Սյունիքի մարզի 9 բնակավայրերի (Կապան, Դավիթ Բեկ, Ծավ, Սյունիք, Վարդավանք, Ագարակ և այլն) 27 երեխաներ: Շահառուների թվում էին զոհված և հաշմանդամություն ստացած զինվորների, տեղահանվածների և սոցիալապես անապահով ընտանիքների զավակները: Ծրագրի շրջանակում երեխաները Կապանի արվեստի մանկական դպրոցում ուսանեցին պար, երգ, թատրոն և կերպարվեստ: Հիմնադրամը ոչ միայն հոգաց բոլոր նյութական ծախսերը, այլև վարձատրեց տեղացի մասնագետներին՝ խթանելով մարզային մշակութային կյանքը:
2023 թ. ծրագիրը նոր հաջողություններ արձանագրեց։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի երկու սաներ՝ Ալվարդ Հովհաննիսյանը և Մելինե Տատարոգուլոն, հաջողությամբ ավարտեցին դիմահարդարման դասընթացը։
Հիմնադրամը մեկնարկեց պիլոտային ձեռնարկ՝ աջակցելու արտերկրում բարձրագույն կրթություն ստացող տաղանդավոր հայրենակիցներին։ Առաջին շահառուն Բելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի դիմորդ Անահիտ Ավետիսյանն է։
2023 թվականին «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամն իրականացրեց «Կրթություն հանուն աշխատանքի» ծրագրի երկրորդ փուլը։ Ծրագրի շահառուները զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքների անդամներն էին և հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող մայրերը։ Հիմնադրամը փոխհատուցեց Երևանի, Տավուշի, Արարատի և Արագածոտնի մարզերի 9 մասնակիցների մասնագիտական դասընթացների վարձավճարները (վարսահարդարում, մատնահարդարում, կար ու ձև)՝ յուրաքանչյուրի համար տրամադրելով մինչև 120000 ՀՀ դրամ։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել կայուն սոցիալ-տնտեսական հիմքեր թիրախային խմբերի ինքնազբաղվածության համար։
2023 թ. նոյեմբերին «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը՝ Դոնի Նոր Նախիջևան հայկական համայնքի և հիմնադրամի նախագահ Հարություն Սուրմալյանի ջանքերով հավաքագրված միջոցներով, իրականացրեց «Արցախ» լայնածավալ ծրագիրը:
Ծավալը. Պատրաստվեց և բաշխվեց շուրջ 74,5 տոննա սննդի և հիգիենայի պարագաներ:
Շահառուներ. Օգնություն ստացան Արցախից բռնի տեղահանված 1000 ընտանիքներ, որոնք բնակություն էին հաստատել Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում:
Փաթեթի բովանդակությունը. Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվեց 74,5 կգ կշռող փաթեթ (25 կգ ալյուր, 5-ական կգ հնդկաձավար, ոսպ, բրինձ, ոլոռ, շաքարավազ, ձեթ, լվացքի փոշի, 5 լ շամպուն և 4,5 կգ մակարոնեղեն):
«Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագիր
2023 թ. դեկտեմբերի 26-ին ամփոփվեց Սյունիքի մարզի Կապան համայնքի գյուղերում (Առաջաձոր, Նորաշենիկ, Աճանան, Դավիթ Բեկ, Եղվարդ) բնակություն հաստատած արցախցիների աջակցության ծրագիրը: Թեև 2022-ից մեկնարկած խոզաբուծության խթանման ծրագիրը բախվել էր համաճարակային դժվարությունների, հիմնադրամի և գյուղացիների ջանքերով պահպանված գլխաքանակի շնորհիվ հնարավոր եղավ նոր ծնված գոջիները տրամադրել տեղահանված ընտանիքներին: 16 ընտանիք ստացավ 2-ական գոջի և յուրաքանչյուրին՝ 233-ական կգ անասնակեր (5 ամսվա պաշար), ինչը հիմք հանդիսացավ նրանց նոր տնտեսությունների ստեղծման համար:
«Ամանորյա նվեր զինվորի զավակին» ծրագիր
2023 թ. դեկտեմբերին հիմնադրամն արդեն երրորդ անգամ իրականացրեց իր ամանորյա սոցիալական ծրագիրը, որն այս տարի աննախադեպ ծավալներ ստացավ: Մասնակիցների թիվը կտրուկ աճեց նախորդ տարվա համեմատ՝ հասնելով 393 երեխայի: Շահառուները հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների, հաշմանդամ դարձածների և Արցախից տեղահանվածների ընտանիքների 4-9 տարեկան երեխաներն էին Երևանից և ՀՀ 7 մարզերից (Շիրակ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք): Երեխաները Տիկնիկային թատրոնում դիտեցին ներկայացում, հանդիպեցին Ձմեռ պապին և ստացան խաղալիքներով ու քաղցրավենիքով լի նվերների փաթեթներ:








